Համացանցում տարածվել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլիայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի հարցազրույցը, համաձայն որի՝ լրացուցիչ ցուցակները դժվար վերահսկելի են, քանի որ դրանք հիմնական ցուցակների նման չեն հրապարակվել եւ հնարավորություն չի ստեղծվել նրանցով իրականացնելու համեմատություն: Այսինքն` հիմնավոր կասկածներ կան, որ նույն մարդը կարող է ընդգրկված լինել մի քանի ցուցակում:

Ոստիկանությունն արձագանքել է այս հայտարարությանը, նշելով, որ համացանցում տարածված այս տեղեկատվությունը իրականությանը չի համապատասխանում:

«Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը ՀՀ ընտրական օրենսգրքի  11-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներին համապատասխան՝ 2013 թ. փետրվարի 16-ին www.police.am և www.passportvisa.am կայքերում հրապարակել է ինչպես հիմնական, այնպես էլ լրացուցիչ ցուցակները` ներբեռնելու հնարավորությամբ:

www.police.am կայքում հրապարակված լրացուցիչ ցուցակները ներբեռնելու համար անհրաժեշտ է մուտք գործել www.police.am/yntrutyunner էլեկտրոնային կայք, որի վերջին տողում նշված են լրացուցիչ ցուցակները /lracucich_cucak.xls/:

www.passportvisa.am կայքում հրապարակված լրացուցիչ ցուցակները ներբեռնելու համար անհրաժեշտ է մուտք գործել www.passportvisa.am  էլեկտրոնային կայք, որտեղ ըստ ընտրական տեղամասերի բաշխված հիմնական ցուցակների պատուհանի անմիջապես ներքևում առկա է «Լրացուցիչ ցուցակ» վերտառությամբ պատուհանը:

Տեղեկացնում ենք նաև, որ ընտրողների լրացուցիչ ցուցակները հիմնական ցուցակների հետ միասին որոնման հնարավորությամբ հրապարակված են նաև www.elections.am/votersreg էլեկտրոնային կայքում:

ՀՀ ոստիկանությունը կրկին հավաստիացնում է, որ ընտրական օրենսգրքի 8-րդ հոդվածով նախատեսված բոլոր լրացուցիչ ցուցակները կազմվում են բացառապես ծրագրային ապահովմամբ` ավտոմատ եղանակով, ինչը բացառում է միևնույն ընտրողի տվյալների կրկնությունը հիմնական և լրացուցիչ ցուցակներում»,-ասված է ոստիկանության հաղորդագրությունում: