Նորագյուղի 9/28 ընտրատեղամասը հսկող ոստիկանները, հանձնաժողովի քարտուղարը, նախագահը խոչընդոտել են նկարել «ԳԱԶԵԼ»-ով «բերման» ենթարկված կանանց քվեարկությունը, հաղորդում է 168.am-ը:

Նշենք, որ նույն շենքում տեղակայված է նաեւ 9/27 ընտրատեղամասը, որից դուրս գալուց հետո էլ ականատես եղանք գազելով բերված ընտրողներին:

«Մենք՝ «168 Ժամի» եւ «Առավոտի» լրագրողներս, վերադարձանք ընտրատեղամաս՝ փորձելով արձանագրել, թե ինչպե՞ս են ընտրողները դուրս գալիս տեղամասից եւ թե արդյո՞ք քվեարկում էին իրենց անվան դիմաց, թե՞ ոչ:

Սակայն հանձնաժողովի քարտուղարը սկսեց բղավել, թե իրավունք չունենք նկարահանել կամ լուսանակարել ընտրատեղամասը, եթե գրանցված չենք: Մենք ցույց տվեցինք մեր անձը  հաստատող փաստաթղթերը, մոտեցանք գրանցվելու եւ նկարահանելու կանանց, բայց քարտուղարն իսկական աժիոտաժ ստեղծեց՝ գոռալով ողջ ընտրատեղամասով, թե՝ «եկել եք՝ գաղտնի նկարահանում եք»:

Այս ընթացքում «ԳԱԶԵԼ»-ով ընտրատեղամաս բերված կանայք քվեարկում եւ դուրս էին գալիս: Տեսնելով, որ կանայք դուրս են գալիս, մենք խնդրեցինք մի փոքր արագ կատարել գրանցման աշխատանքը, որպեսզի կարողանանք նկարահանել: Բայց քարտուղարը, կարծես միտումնավոր, երակարաձգում էր աշխատանքը: Նրանք կանչեցին ոստիկաններին:

Որքան էլ փորձեցինք համոզել, որ որեւէ կադր ընտրատեղամասի ներսում չենք նկարահանել, չհավատացին, ու դիտեցին տեսախցիկի բոլոր տեսանյութերը: Մինչ ոստիկաններին բացատրում էինք իրավիճակը, գազելով բերված կանայք քվեարկեցին եւ դուրս եկան, որից հետո նոր միայն հանձնաժողովի քարտուղարը գրանցեց մեզ ու թույլ տվեց աշխատել իրենց ընտրատեղամասում»,-հաղորդում է 168.am-ը:

Երեւանի Մետաքս թաղամասում էլ ՀՀԿ շտաբի մոտ խոչընդոտել են «Ժամանակ» օրաթերթի  լրագրող Մարինե Խառատյանի եւ «Հրապարակ» օրաթերթի լրագրող Գայանե Սարիբեկյանի նկատմամբ: Նրանց թույլ  չեն տվել մտնել ՀՀԿ-ի շտաբ եւ ասել. «Ս… եղեք»: Ավելին` վերցրել են նրանց ձեռքից տեսախցիկները եւ հանել մարտկոցները, որից հետո Մարինե Խառատյանն ահազանգել է ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Դավիթ Հարությունյանին:

«Մետաքս» թաղամասի ՀՀԿ շտաբ է եկել Տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը ու լրագրողներին հրավիրել ՀՀԿ շտաբ: «Ես պահանջեցի, որ ներողություն խնդրեն: Սակայն Գագիկ Բեգլարյանն ասաց. «Աղջիկ ջան, քեզնից  ներողություն խնդրելու  չունեն ըստեղ»: Հետո ասաց, որ լավ աղջիկ ջան, եթե մարդիկ կան, որ պետք է ներողություն խնդրեն` կխնդրեն»: Ներկա պահին ոստիկաններ են ժամանել եւ նրանք պարզաբանում են տալիս: