Հայաստանում ժամը 20:00-ին ավարտվել է նախագահական ընտրությունների քվեարկությունը: Հանրապետության ամբողջ տարածքում փակվել են 1988 ընտրատեղամասերը:

Ձայնի իրավունք ունի գրեթե 2,5 մլն ՀՀ քաղաքացի: Որպեսզի ընտրությունները կայացած համարվեն,  քվերակությանը պետք է մասնակցեն ընտրողների կեսից ավելին: Առաջին փուլում հաղթելու համար թեկնածուները պետք է ստանան քվեների  50%-ը  + 1 ձայն: Հակառակ դեպքում  երկու շաբաթ անց տեղի կունենա ընտրությունների երկրորդ փուլը: Քվեարկությունը սկսվել է ժամը 08:00-ից եւ շարունակվել 12 ժամ:

Հիշեցնենք, Հայաստանի նախագահի պաշտոնին հավակնում է 7 թեկնածու. Հայաստանի գործող նախագահ, ՀՀԿ առաջնորդ  Սերժ Սարգսյանը, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, «Ազատություն» կուսակցության ղեկավար, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, «Ազգայի ինքնորոշում» միավորման նախագահ Պարույր Հայրիկյանը, «Ռադիո հայի» խորհրդի նախագահ, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը, ԼՂՀ նախկին ԱԳ նախարար Արման Մելիքյանը եւ որպես էպոսագետ ներկայացող Վարդան Սեդրակյանը: