Նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանի նախընտրական շտաբն այսօր չի աշխատել եւ ինքն էլ հիմնական ժամանակը տանն է անցկացրել` տոնական մթնոլորտում, քանի որ այսօր նրա որդու ծննդյան 18-ամյակն է: Այս մասին նա ասաց NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում:
«Նույնիսկ տեղյակ չեմ, թե ինչ է կատարվում: Մենակ հեռուստացույցով տեղեկացա, որ անձնագրից թանաքն է մաքրվում: Իմ անձնագրի վրա էլ փորձեցի` մաքրվեց: Մտերիմներիս անձնագրերում էլ փորձեցինք, մաքրվել է»,- ասաց Վարդան Սեդրակյանը:
Հարցին, թե ինչո՞ւ իրենց շտաբը չի աշխատել, ինչո՞ւ չեն հետեւել ընտրախախտումներին, եթե դրանք եղել են եւ չի բարձրաձայնել այդ մասին, նա արձագանքեց. «Վայ լավ էլի: Այս ընտրությունները նախորդից բացարձակապես ոչնչով չէին տարբերվում թեեւ դեռ վերջնական տվյալները չկան: exit poll-ը տվյալներով Բագրատյանն ու Հայրիկյանը 3 տոկոս են ստանում, ես 1, Սերժը` 58, Րաֆֆին էլ` 32: Եթե պաշտոնապես էլ այսպես լինի, շատ ցավալու եմ Բագրատյանի եւ Հայրիկյանի համար: Փաստորեն իրանց փողը հետ չեն տալու: «Գելափն» ինձ 0.2 տոկոս էր տալիս: Իմ մոտ դեռ մի բան էլ աճ է արձանագրվել»:
Ի դեպ, Վարդան Սեդրակյանն ասաց, որ վաղվա նախատեսված ասուլիսը տեղի չի ունենա, այն հավանաբար տեղի կունենա փետրվարի 21-ին:
Խոսելով ասուլիսի հետաձգման պատճառների մասին, Սեդրակյանը պարզաբանեց. «Ինչի դուք չգիտեք մամուլի հնարավորությունները: Ձեր հետ հանդիպելուց մարդ պետք է ունենա ամուր առողջություն եւ նյարդեր: Սպասում եմ, որ ապաքինվեմ»:
Նրա խոսքով` հնարավոր է իր աներոջ հետ գա ասուլիսի: Դիտարկմանը, թե աները մահացած չէ՞, «էպոսագետ» ներկայացող թեկնածուն ասաց. «Հա, այդ պատճառով էլ իր հետ կգամ: Թող ինքն էլ պարզաբանումներ տա»:
Հարցին, թե վատնած գումարները չի՞ ափսոսում, նապատասխանեց. «Բացարձակ: Դա արդարության համար պայքար է, որ նոր միայն սկսվում է: Իսկ արդարության համար պայքարում, ոչ թե փողը, այլ ազատություն ենք կորցնում, առողջություն ենք կորցնում, կյանքն ենք դնում: Բացարձակապես չեմ ափսոսում: Մյուս թեկնածուների համար եմ ափսոսում: Հույս ունեմ, որ 5-6 տոկոս կհավաքեն»:
Նրա խոսքով` փետրվարի 18-ին նախագահական ընտրությունները ավարտվեցին, իսկ փետրվարի 19-ին կսկսեն նոր նախագահական ընտրություններ:




























