Ֆոտոլրագրողների գործը վերանայելու համար հարկավոր է օրենքում փոփոխություններ կատարել, հայտնել է Վրաստանի գլխավոր դատախազ Արչիլ Քբիլաշվիլին, հավելելով, որ տվյալ գործի համար հանձնաժողով կստեղծվի, այդ ժամանակ էլ վերանայումը հնարավոր կդառնա:
«Այսօր գործող օրենսդրությունը գործը վերանայելու հնարավորություն չի ընձեռում: Դա վերաբերում է նաեւ այլ գործերի, այդ թվում՝ Գուրամ Շարաձեի եւ այլոց սպանությանը», - ասել է Քբիլաշվիլին, գրում է «Գռուզիա Օնլայնը»:
«Նովոստի-Գռուզիա»-ն հայտնում է, որ լրտեսության համար դատապարտված վրացի ֆոտոլրագրողները փետրվարի 18-ին գլխավոր դատախազին ուղղված հայտարարություն էին տարածել՝ պահանջելով վերանայել իրենց գործը:
2011թ. հուլիսի 22-ին Թբիլիսիի քաղաքային դատարանը չորս ֆոտոլրագրողների՝ Վրաստանի նախագահի մամուլի ծառայության լուսանկարիչ Իրակլի Գեդենիձեին, նրա կնոջը՝ լուսանկարիչ Նաթելա (Նաթիա) Գեդենիձեին,եվրոպական ֆոտոգործակալության ֆոտոլրագրող Զուրաբ Կուրցիկիձեին եւ լուսանկարիչ Գեորգի Աբդալաձեին, մեղավոր էր ճանաչել Ռուսաստանի օգտին լրտեսության մեջ: Դատավճռի հրապարակումից հետո նրանք պայմանական ազատվել էին: Չնայած սեփական անմեղության մասին հայտարարություններին, ձերբակալվածներն այնուհետեւ ինքնախոստովանական ցուցմունք էին տվել: Իրենց հայտարարությունում ֆոտոլրագրողները պնդում են, որ այդ ցուցմունքները տրվել են քննչական մարմինների կողմից ֆիզիկական եւ հոգեբանական ճնշումների արդյունքում:




























