Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ անդրադառնում է երեկ` փետրվարի 18-ին Հայաստանում տեղի ունեցած ընտրություններին:

Նա իր հայտարարությունում, մասնավորապես, նշում է.

«Յուրաքանչյուր ընտրություներից հետո էլ լինում են որոշակի արդյունքներ եւ բազմատեսակ գնահատականներ: Ընտրությունների արդյունքներից առավել կարեւոր է հանրության վստահությունը այդ արդյունքների նկատմամբ: Հանրության վստահությունը կարող է ձեւավորվել միայն չեզոք եւ օբյեկտիվ գնահատականներով: Այսօրվանից շատ տեղական եւ միջազգային կազմակերպություններ կներկայացնեն իրենց գնահատականները այս ընտրությունների վերաբերյալ:

Այդուհանդերձ, որեւէ գնահատական չի կարող լինել հայ հանրության համար լիարժեք եւ վստահելի, եթե Հայաստանի Ոստիկանությունը օբյեկտիվորեն չներկայացնի, թե hետեւյալ լրջագույն ընտրախախտումների վերաբերյալ քանի ահազանգ է եղել եւ դրանցից քանիսն են եղել հիմնավոր՝

•         ընտրակաշառքի բաժանում,

•         կրկնակի քվեարկություն,

•         ուղղորդված քվեարկություն,

•         քվեաթերթիկի լցոնում,

•         հանձնաժողովի անդամի կամ վստահված անձի ճնշում ձայների հաշվարկի ընթացքում,

•         ձայների հաշվարկի արդյունքների կեղծում:

Ընդ որում Ոստիկանությունը պետք է հրապարակի նաեւ այդ ահազանգերը հիմնավոր կամ անհիմն գնահատելու հիմքերն ու պատճառները:

Չափազանց կարեւոր է նաեւ հրատապ պարզել եւ հանրությանը ներկայացնել, թե ինչու էր քվեարկության օրը խափանվել «Գալա» հեռուստաընկերության կայքի աշխատանքը: Անհրաժեշտ  է նաեւ հրատապ բացահայտել լրագրողների ու դիտորդների գործունեության խոչընդոտման բոլոր դեպքերը եւ պատասխանատվության ենթարկել մեղավորներին:

Ոստիկանության ոչ արժանահավատ աշխատանքը կարող է ստվերել այս ընտրությունների բոլոր փուլերի դրական ձեռքբերումները: Այսպիսով, ընտրությունների արդյունքների նկատմամբ հանրության վստահության եւ ընտրությունների ընդհանուր գնահատականի համար պատասխանատվության ողջ ծանրությունն ընկած է Հայաստանի Ոստիկանության վրա:  Կոչ եմ անում բոլոր կառույցներին եւ անհատներին սերտորեն համագործակցել Ոստիկանության հետ, որպեսզի հնարավորինս արագ եւ արդյունավետ բացահայտվեն բոլոր ընտրական հանցագործությունները, եւ հանրությունը ստանա ընտրախախտումների իրական ծավալները եւ պատկերը:

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը վերոհիշյալ էական եւ այլ  ընտրախախտումների վերաբերյալ ստացել է 253 ահազանգ: Մինչեւ առաջիկայում ընտրությունների վերաբերյալ մեր համապարփակ գնահատականը ներկայացնելը մենք կշարունակենք ընդունել ընտրության փուլերում կատարված խախտումների վերաբերյալ ահազանգեր, հետեւել լրատվամիջոցների համապատասխան հրապարակումներին, դիտորդական կազմակերպությունների գնահատականներին եւ հետընտրական զարգացումներին»: