Գործում է բավական հղկված եւ միմյանց հետ համաձայանեցված ընտրակեղծիքների համակարգ, որը գործում է հանրապետության ամբողջ տարածքում, արդյունավետությունը կախված է միայն վերահսկողությունից: Այս մասին այսօր՝ փետրվարի 19-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Իրավունքի Եվրոպա» դիտորդական խմբի անդամ Տիգրան Եգորյանը, հավելելով, որ վստահված անձինք համագործակցում էին հանձնաժողովի անդամների հետ եւ իրենց կողմից կազմված որեւէ արձանագրության վստահված անձինք չեն միացել:
Նրա խոսքով` թվերն ուղղակի բերվում էին, դիտորդները չէին կարողանում ծանոթանալ ստորագրված ցուցակների հետ. քվեաթերթիկները Րաֆֆի Հովհաննիսյանին քվեարկած կապոցներից տեղափոխվել էին Սերժ Սարգսյանի տրցակ, տեղամասի քվեախցիկներոմ գտնվել են դատարկ ծրարներ, բացահայտվել են ընտրություն կատարած քվեաթերթիկների կապոց:
«Մենք հերթական անգամ բախվեցինք մի հրեշավոր, կազմակերպված բջջային ընտրակեղծիքների մեխանիզմին, որտեղ ամեն բջիջ ունի իրեն վերապահված հստակ կատարում: Պարբերաբար տարբեր անձնական կապեր օգտագործելով տեղամաս էին մուտք գործում անձինք, ովքեր իրավունք չունեին այդտեղ գտնվել եւ ամեն կերպ փորձում էին գոնե մեկ րոպեով դիտորդի ուշադրությունը շեղել»,- ասաց նա՝ տեղեկացնելով, որ թվերն այնպես էին նկարված, որ արձանագրությունները կազմելիս փոփոխություններ էին կատարվում, դիտորդներին սպառնում էին, խոչընդոտում նրանց աշխատանքը:
Տիգրան Եգորյանը պատմեց, որ օրինակ, երբ իրենք պատրատսվում էին ուղեկցել պարկերը ընտրատեղամասում, նկատել են, որ մեքենայի անվադողերը ծակած էր դանակով, որի վերաբերյալ հաղորդում են ներկայացրել:
«Իրավունքի Եվրոպա» դիտորդական խմբից Լուսինե Հակոբյանը նշեց, որ Արարատի մարզի 14 տեղամասերում են աշխատել, ունեին լրագրող եւ դիտորդից կազմված խմբեր, որոնք զինված էին տեսախցիկով: «Լցոնման դեպք է արձանագրվել, դիտորդները տեսանկարահանել եւ արձանագրել են կրկնակի քվեարկության դեպքեր, երբ անձինք, հայտնվելով տեսախցիկների առջեւ, փախուստի են դիմել»,- ասաց նա՝ հավելելով, որ ոստիկանությունը փորձել է մեկուսացնել դիտորդներին՝ նրանց հրավիրելով հարցաքննության:
Նա անդրադարձավ մի շարք ահազանգերի, օրինակ՝դրոշմակնիքը հնարավոր է հեռացնել խոնավ անձեռոցիկով, ընտրողների ցուցակները լուրջ կասկածների տեղիք են տալիս, մասնավորապես՝ իրենց դիտարկած տեղամասում ցուցակների հետ կատարել են բազմաթիվ մանիպուլիացիաներ: «Ցույց էին տալիս, թե ուղղակի սխալվեցին, ցուցակները ծանոթացման չեն տրամադրվել մեր դիտորդներին: Չենք գնահատում, որ ընտրություններն ազատ եւ արդար են անցկացվել»,- ասաց նա՝ շեշտելով, որ ոչ միայն հաշվետվություններ կկազմեն, այլեւ` կբողոքարկեն:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























