Փետրվարի 21-ը հայոց պետական տոնացույցում իր արժանի տեղն ունի, այն  ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ճանաչվել է «Մայրենիի օր», որի կապակցությամբ մի շարք միջոցառումներ կկազմակերպվեն:

Այս առնչությամբ, Սփյուռքի նախարարության տարածած հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասվում է.

«Լեզուն յուրաքանչյուր ազգի ինքնակերտման կարեւորագույն գրավականներից մեկն է, նրա գոյության վկայագիրը: Մեր ժողովրդի համար մայրենի լեզուն ազգապահպան նշանակություն ունի, ինչպես հավատքը, մշակույթն ու հայ ընտանիքը:

Սփյուռքում հայ ինքնության պահպանման համար չափազանց կարեւոր է մայրենիի իմացությունը, պահպանումն ու տարածումը: Սա նշանակում է, որ թե՛ Հայրենիքում, թե՛ Սփյուռքում լեզվական խնդիրները բազմաթիվ են, որոնց լուծումն անհետաձգելի է:

Այսօր, աշխարհասփյուռ հայության միասնականացման ու համազգային հիմնախնդիրների լուծման ճանապարհին կենսական անհրաժեշտություն է դարձել ողջ ժողովրդի ներուժն ուղղորդել հայոց լեզվի պահպանմանն ու զորացմանը: Հարկ է, որ հայ ընտանիքում խոսեն միայն հայերեն եւ այնտեղ իշխի հայեցի դաստիարակությունը, զանգվածային լրատվամիջոցները մատուցեն հայոց լեզվի  հարստությունն  ու գեղեցկությունը, հայ երիտասարդը սովորի եւ կիրառի հայոց լեզուն, լինի արթուն, գիտակից ու հավատարիմ իր ինքնությանը:

Դիմագրավելով համաշխարհայնացման մարտահրավերներին՝ հայոց լեզուն է, որ  պետք է դառնա հայ մշակույթի, ազգային ինքնության պահպանման առհավատչյան, համայն հայ ժողովրդի միասնականության, համախմբվածության գրավականը:

Փետրվարի 21-ը հայոց պետական տոնացույցում իր արժանի տեղն ունի, այն  ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ճանաչվել է «Մայրենիի օր»:

ՀՀ սփյուռքի նախարարությունը իր ստեղծման հենց առաջին օրվանից նպաստում  է Սփյուռքում հայոց լեզվի պահպանությանն ու տարածմանը, նախաձեռնում է մայրենիին նվիրված համալիր միջոցառումներ, Հայաստանում եւ Սփյուռքում, գնահատում ու խրախուսում է մայրենիի նվիրյալներին:

2010 թվականին  ՀՀ սփյուռքի նախարարության եւ Համաշխարհային հայկական կոնգրեսի «Հայապահպանության գործում ունեցած նշանակալի ավանդի համար» ամենամյա մրցանակաբաշխության շրջանակներում անցկացվել են` «Լավագույն հայկական կրթօջախ», 2011 թվականին` «Մայրենիի լավագույն ուսուցիչ», «Կտոր մը Հայրենիք» անվանակարգերով մրցույթներ:

2012 թվականին նախարարությունը՝ ՀՀ Նախագահի պահանջով Սփյուռքում նախաձեռնեց  «Տանը խոսենք հայերեն» շարժումը:

2013թ. փետրվարի 21-ին , ժամը 9:00, «Մայրենիի օրվան»  նվիրված տոնակատարությունների շրջանակում ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը եւ մտավորականնները կայցելեն  Օշական, ծաղկներ կդնեն Մեսրոպ Մաշտոցի շիրմին, դպրատանը տեղի կունենա Օշական գյուղի դպրոցի աշակերտների մայրենիին նվիրված տոնահանդեսը: 

Ժամը 11:00, ՀՀ սփյուռքի նախարարը կայցելի Մատենադարան եւ ծաղիկներ կդնի Մաշտոցի հուշարձանին:

Ժամը 12:30, ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում կմեկնարկի ՀՀ սփյուռքի նախարարության եւ ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան Լեզվի ինստիտուտի հետ համատեղ անցկացվող «Լեզվաքաղաքականության արդի խնդիրներ» խորագրով գիտաժողովը, որին կմասնակցեն անվանի լեզվաբաններ, գրականագետներ Հայաստանից Արցախից եւ Սփյուռքից (հասցե` Բաղրամյան 24):

2013 թվականին նախատեսված է անցկացնել «Մայրենիի պաշտպան» մրցանակաբաշխությունը:

ՀՀ սփյուռքի նախարարությունը Հայաստանի գրողների միության հետ սահմանել է «Մայրենիի դեսպան» մեդալը, որով կպարգեւատրվեն  Հայաստանում եւ Սփյուռքում մայրենիի պահպանության, տարածման ու զարգացման գործում ունեցած ներդրման համար:

Լիահույս ենք, որ Սփյուռքի բոլոր կրթօջախները, մշակութային, երիտասարդական կառույցներն ու լրատվամիջոցները, ակտիվորեն կմասնակցեն մեր նախաձեռնությանը եւ 2013 թվականը մենք միասին կդարձնենք հայոց լեզուն արժեւորելու, պահպանելու եւ սովորելու տարի՝ կազմակերպելով ու իրականացնելով տարաբնույթ միջոցառումներ, որոնք կնպաստեն հայապահպանությանը Սփյուռքում: Այս շարժումը ներդաշնակ է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսի կողմից 2013 թվականը «Հայ մոր տարի» հռչակելուն, քանզի հայ մայրն է հայ օջախում մայրենին սովորեցնողն ու սրբացնողը»: