ԱՊՀ դիտորդական առաքելությունը Հայաստանի նախագահի նախօրեին կայացած ընտրությունը լեգիտիմ է ճանաչել:

Առաքելության գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդեւը հայտնել է, որ ընտրությունները ազատ են եղել, բաց, մրցակցային եւ համապատասխանել են միջազգային չափանիշներին:

ԱՊՀ դիտորդական առաքելության կազմում ԱՊՀ ութ երկրներից 212 ներկայացուցիչներ են ընդգրկված: Նրանցից 25-ը Հայաստան էին ժամանել հունվարի 24-ին՝ ընտրությունների ընթացքի երկարաժամկետ դիտարկում անցկացնելու համար: Մնացածները հանրապետություն ժամանել էին ընտրությունների նախօրեին: ԱՊՀ դիտորդներն այցելել էին ավելի քան 1000 ընտրատեղամասեր: 

«Մենք ընտրությունների նախապատրաստմանն ու անցկացմանն անկողմնակալ գնահատական տալու հնարավորություն ենք ստացել, հանդիպել ենք ընտրական հանձնաժողովների, թեկնածուների շտաբերի, իշխանության մարմինների, ԿԸՀ ներկայացուցիչների հետ»,- հայտնել է Սերգեյ Լեբեդեւը: Նրա խոսքով՝ դիտարկման ընթացքում ընտրությունների լեգիտիմությունը կասկածի տակ դնելու փաստեր չեն արձանագրվել: «Ընտրությունները պետության Սահմանադրությանը եւ ընտրական օրենսդրությանը համապատասխան են անցկացվել», - նշել է Լեբեդեւը:

Նրա խոսքով՝ դիտորդները դիտարկման ընթացքում խախտումների դեպքեր են հայտնաբերել, սակայն այդ դեպքերը չէին կարող ազդել քվեարկության արդյունքների վրա: Առավել եւս՝ ընտրողների տոկոսային հարաբերակցությունը հաշվի առնելով:

Խախտումների թվում առաքելության քարտուղարը նշել է այն փաստը, որ որոշ ընտրողներ անունները ցուցակում չեն գտել:  Սակայն հանձնաժողովների նախագահները տեղում քաղաքացիներին բացատրել են, թե որտեղ է պետք դիմել:

Որոշ ընտրատեղամասերում մնացել էին առաջատար թեկնածուի դիմանկարները: Այս հանգամանքը ԱՊՀ դիտորդները բացատրում են նրանով, որ քանզի խոսքը դպրոցների եւ մանկապարտեզների մասին է, կազմակերպիչները պարզապես մնոռացել են հանել պետության ղեկավարի դիմանկարները:

Առաքելության գործադիր քարտուղարը որպես դրական կողմ նշել է այն փաստը, որ նախորդ տարիներին Հայաստանի ընտրական օրենսդրությունը կատարելագործվել է՝ միջազգային փորձագետների խորհուրդներին համապատասխան, ինչն այն ավելի է մոտեցրել միջազգային չափանիշներին:  «Ընտրական օրենսգիրքը երաշխավորում է քաղաքացիների ազատ  կամարտահայտման իրավունքը», - ընդգծել է Սերգեյ Լեբեդեւը:

Մյուս դրական գործոնը, ըստ նրա, այն է, որ ներկա քարոզարշավը նախորդից հանգիստ է ընթացել: Սերգեյ Լեբեդեւն այս համատեքստում նշել է նախագահի թեկնածուների մեծամասնության ելույթների չափավորությունը, որոնք չեն դիմել սեւ PR-ի, հարգալից վերաբերմունք են դրսեւորել միմյանց նկատմամբ:

Լրատվամիջոցների հասանելիության վերաբերյալ ԱՊՀ դիտորդները վստահ են, որ բոլոր թեկնածուներն իրենց ծրագրերը լիարժեք ներկայացնելու հնարավորություն են ունեցել, եւ մեծ մասն օգտվել է ընձեռված հնարավորությունից:

Միաժամանակ, ԱՊՀ դիտորդներին վշտացրել եւ մտահոգել է նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձը: «Փառք Աստծո, որ նա իր մեջ ուժ գտավ քարոզարշավը շարունակելու, եւ նախընտրական քարոզարշավի ընթացքը չխախտվեց», -նշել է  Սերգեյ Լեբեդեւը:

Խոսելով նախագահի մյուս թեկնածու Անդրիաս Ղուկասյանի հացադուլի մասին՝ ԱՊՀ ներկայացուցիչը նշել է, որ ակցիան մի փոքր «ստվերել է», բայց դա «իր իրավունքն է»: