Սոցիալ դեմոկրատ Հնչակյան կուսակցության Հայաստանի վարչությունը (պերկուպերկյանական թեւ) շնորհավորել է Սերժ Սարգսյանին` նախագահական ընտրություններում հաղթելու առթիվ:

ՍԴՀԿ շնորհավորանքում ասվում է.

«Հարգելի պարոն նախագահ, սրտանց շնորհավորում ենք Ձեզ ՀՀ Նախագահի ընտրություններում տարած հաղթանակի առթիվ: Հնչակյան կուսակցության ներկայացուցիչները ուշիուշով հետեւում էին ընտրական գործընթացին եւ ֆիքսել են, որ չնայած որոշ մանր-մունր միջադեպերի, ընտրություններն անցել են մրցակցային պայմաններում եւ արտացոլել են Հայաստանի քաղաքացիների կամարտահայտությունը:

Հարգելի պարոն նախագահ, վստահ ենք, սակայն, որ այս ընտրությունները պետք է սկիզբ լինեն բարեփոխումների այն գործընթացին, որ հայտարարվել  է Ձեր եւ Հայաստանի կառավարության կողմից՝ երկրի առջեւ ծառացած  մարտահրավերների լուծման առումով: Մենք պատրաստ ենք աջակից լինել Ձեզ  տնտեսական մենաշնորհների դեմ պայքարի, մրցակցության եւ սոցիալական արդարության հաստատման Ձեր պայքարում: Վստահ ենք նաեւ, որ առաջիկա 5 տարիները պետք է բեկումնային լինեն Ցեղասպանության միջազգային ճանաչման  եւ Արցախյան հիմնախնդրի լուծման համար: Դուք բացառիկ հնարավորություն ունեք այսօր հավերժանալ՝ դառնալով ողջ հայության նախագահը»: