Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբը եւ «Ժառանգություն» կուսակցությունը շարունակում են հավաքագրել ընտրախախտումների վերաբերյալ տեղեկությունները:Այս մասին, այսօր` փետրվարի 19-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Ժառանգության» մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը: Նրա խոսքով` ընտրախախտումների շարքում ամենամեծ թիվը կազմել են ընտրակաշառքների մասին ահազանգերը, որին հաջորդում է բաց եւ վերահսկելի քվեարկությունը, ինչն ավելի շատ տեղ է գտել մարզերում:

Ըստ Խուրշուդյանի` գյուղապետերը մոտ նստելով քվեախցերին, վերահսկել են քվեարկության ընթացքը:

Հաջորդ ոչ պակաս մեծ իրավախախտումը լրացուցիչ կեղծ ընտրացուցակներն են եղել: «Ընդ որում, այդ մարդիկ քվեարկության օրն էին բերվում Երեւան եւ նույն օրն էլ վերադառնում իրենց բնակավայր: Թանաքի հետ կապված խախտումը եւս առկա էր, որը սովորական խոնավ անձեռոցիկով կամ խոնավ մատով վերանում էր անձնագրերից: Նույնիսկ եղել են դեպքեր, որ թանաքն առանց միջամտության է ցնդել եւ ջնջվել: Կրկնակի քվեարկությունը եւս առկա էր այս ընտրություններում»,- փոխանցեց Հովսեփ Խուրշուդյանը, հավելելով, որ ընտրախախտումների վերաբերյալ երկու օրվա ստացել են 120 ընտրախախտման փաստ: