Չելյաբինսկի ոստիկանները տեղի բնակչից երկնաքարի ենթադրյալ բեկոր են առգրավել: Տղամարդը փորձել է համացանցով վաճառել մոտ 60 գրամ քաշ ունեցող անհայտ իր: Գտածոն այժմ փորձաքննության է ուղարկվել:

Նախօրեին գիտնականները հաղորդել են, որ երկնաքարի անկման վայրում հայտնաբերել են 53 բեկոր: Որոշ տվյալներով երկնային մարմնի բեկորների մեկ գրամի գինը կարող է գերազանցել երկու հազար դոլարը, հաղորդում է «էխո Մոսկվի»-ն:

Մեկ օր առաջ ոստիկանությունը հայտնել է, որ ներկա պահին որոշ անհայտ առեւտրականներ փորձում են համացանցում իրացնել փետրվարի 15-ին ընկած երկնաքարի «բեկորները»: Ոստիակնությունը հետախուզում է այդ գործարարներին` նրանց գտածոն առգրավելու եւ փորձաքննության հանձնելու նպատակով: Չելյաբինսկի այդ հուշի գինը տատանվում է 10-ից մինչեւ 500 հազար ռուբլու միջեւ:

Նշենք, որ ավելի վաղ լրագրող Անդրեյ Կոնդրաշովը Չելյաբինսկի բնակիչներին իր միկրոբլոգում կոչ է արել զգույշ լինել: «Զանգահարել է պատգամավոր Մ. Շինգարկինը. Ծանուցեք Ուրալին, որ ռադիացիա չկա, բայց բեկորներին չի կարելի դիպչել: Հնարավոր է` թունավոր վարակ լինի»,- գրել է նա Twitter-ում:

Հարկ է նշել, որ «տիեզերական բնակչի հանդեպ» ներկա պահին մեծ հետաքրքրություն են տածում նաեւ ամերիկացի արդյունաբերողները: Այսպես` նույն օրվա երեկոյան Երկրի մոտով անցնող DA14 աստերոիդը  Deep Space Industries ընկերության կողմից գնահատվել է 195 մլրդ դոլար: Ընկերության ներկայացուցիչները նրա` Երկիր ընկնելու դեպքում ծրագրել էին տիեզերական  մարմնից օգտակար հանածոներ ստանալ, գրում է ՌԲԿ-ն: Ընկերության փորձագետների խոսքով` թեկուզ 100-200 մետր ցանկացած աստերոիդ հարուստ է եւ ոսկով եւ պլատինով: Տվյալ մետաղների ընդհանուր քաշը կարող է  30 անգամ ավելի շատ լինել, քան Երկրում երբեւէ ստացվածինը: