Այսօր՝ փետրվարի 19-ին, հայ մեծանուն գրող Հովհաննես Թումանյանի ծննդյան եւ գիրք նվիրելու համաշխարհային օրն է: Այս առիթով Հայաստանում մեկնարկում է «Գրքի բանկ» ծրագիրը:

«Գրքի բանկ» ծրագրի նախաձեռնող խումբը սիրով հրավիրում է բոլորին մասնակից դառնալ ծրագրին եւ վաղը՝ ժամը 12:00-ին գրքով այցելել Ավ. Իսահակյանի տուն-թանգարան (ք. Երեւան, Զարոբյան 20), որտեղ ծրագրի կազմակերպիչները կներկայացնեն ծրագիրը եւ կպատասխանեն ներկաների հարցերին:

Ստորեւ ներկայացնում են «Գրքի բանկ» ծրագրի  նախաձեռնող խմբի հայտարարությունը.

Տոմսի փոխարեն գիրք. մեկնարկել է «Գրքի բանկ» ծրագիրը

Երևան, 19 փետրվարի 2013թ. – Այսօր՝ հայ մեծ գրող Հովհաննես Թումանյանի ծննդյան և գիրք նվիրելու համաշխարհային օրվա առթիվ    մեկնարկել է «Գրքի բանկ»  ծրագիրը։ Այն իրականացվում է «Ֆլեշմոբ Դիվիզիա»  ՀԿ-ի նախաձեռնությամբ, Քաունթերփարթ ինթերնեշնլ հայաստանյան ներկայացուցչության,  ԱՄՆ ՄԶԳ-ի ու ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, «Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք» նախագծի շրջանակում:

«Գրքի բանկ» նախաձեռնության շրջանակում փետրվարի 19-23-ը բոլոր ցանկացողները կարող են անվճար այցելել Երևանի 20  թանգարաններ (http://bookbank.am/museums.pdf)՝ մուտքի տոմսի փոխարեն նվիրելով գեղարվեստական կամ գիտահանրամատչելի գրքեր: Ծրագրի նպատակն է ամրապնդել գիրք նվիրելու  և կարդալու մշակույթը Հայաստանում, հասարակությանը մասնակից դարձնել համայնքային զարգացմանը,  ինչպես նաև աջակցել համայնքային գրադարաններին։ «Գրքի բանկ»-ին նվիրված բոլոր գրքերը փոխանցվելու են Շիրակ,  Լոռի,  Տավուշ,  Վայոց Ձոր և Սյունիք մարզերի համայնքային գրադարաններին:

Ծրագրում ընդգրկված թանգարանները բաց են ժ. 11:00-ից -16:30-ը, սակայն ցանկացողները կարող են գրքեր նվիրաբերել նաև Երևան քաղաքի 10 տարբեր վայրերում տեղադրված «Գրքի բանկ»-ի պահարաններում: Կազմակերպիչներն առաջարկում են գրքերի շապիկների ներսի մասում կոկիկ զետեղել նվիրողի անունն ու ստորագրությունը:

Ստեղծվել է նաև կայք՝ bookbank.am, որի միջոցով հետագայում հնարավոր է տեղեկանալ, թե որ գրադարանում է հայտնվել յուրաքանչյուրի նվիրած գիրքը: