ԱԻՄ առաջնորդ, մահափորձի ենթարկված նախագահի թեկնածու Պարույր  Հայրիկյանը փետրվարի 18-ի լույս 19-ի գիշերը մնացել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում եւ այսօր գիշերն էլ կմնա այնտեղ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց հիվանդանոցի տնօրեն Արա Մինասյանը:

Նա նշեց, որ Պարույր Հայրիկյանի առողջական վիճակը բավարար է, շարունակվում է վերականգնողական եւ ֆիզիոթերապեֆտիկ բուժումը: Արա Մինասյանի խոսքով` աջ ձեռքի ցավերը դեռ չեն դադարել, բայց որոշ չափով մեղմացել են: Տնօրենը նշեց, որ նախագահի թեկնածուն հիվանդանոցում կմնա առնվազն 5 օր:

Նշենք, որ երեկ  իր քաղաքացիական պարտքը կատարելուց հետո Պարույր Հայրիկյանը վերադարձել է հիվանդանոց:

Հիշեցնենք, որ Հայաստանի նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի վրա մահափորձ է կատարվել Երեւանի կենտրոնում` իր տան մոտ,  հունվարի 31-ին, ժամը մոտ 23:20-ին: Գործը հարուցվել է Հայաստանի ՔՕ 34-305 հոդվածով (պետական, քաղաքական կամ հասարակական գործչի գործունեությունը դադարեցնելու նպատակով մահափորձ, որը նախատեսում է տասներկուսից քսան տարի ազատազրկում կամ ցմահ դատապարտում): Հայաստանի ազգային անվտանգության ծառայության օպերատիվ-քննչական միջոցառումների արդյունքում,  փետրվարի 7-ին, Հայրիկյանի վրա մահափորձ կատարելու կասկածանքով ձերբակալվել են երկու տղամարդ` Խաչատուր Պողոսյանն ու Սամվել Հարությունյանը, որոնք Երեւանում էին գտնվում անօրինական կերպով, առանց որոշակի զբաղմունքի, եւ ավելի վաղ դատապարտվել էին թմրանյութերի ապօրինի շրջանառության համար: Երկուսն էլ խոստովանական ցուցմունքներ են տվել: Մահափորձից հետո` փետրվարի 1-ին, Հայրիկյանը հայտարարել է, որ մտադիր է դիմել Սահմանադրական դատարան` ընտրությւնները հետաձգելու խնդրանքով: Այնուհետեւ նա մի քանի անգամ փոխել է իր որոշումը` մեկ հայտարարելով, որ դիմելու է, մեկ` որ դեռ որոշում չի կայացրել: Փետրվարի 10-ին Պարույր Հայրիկյանը դիմել է ՍԴ` երկու շաբաթով ընտրությունները հետաձգելու խնդրանքով, իսկ փետրվարի  11-ին նա ՍԴ-ից հետ է վերցրել իր դիմումը: Նույն օրը նա դուրս է գրվել հիվանդանոցից: Սակայն մարզեր կատարած այցելությունները վատ էին անդրադարձել նրա առողջական վիճակի վրա, աջ ձեռքի ցավերը ուժեղացել էին եւ նրան տեղափոխել էին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am