Հայաստանի նախագահի ընտրությունների օրը, միջազգային դիտորդների գնահատականները, ինչպես նաեւ լրատվամիջոցների ակտիվ աշխատանքը ցույց են տալիս, որ երկրում ամենաորակյալ ընտրություններն են անցկացվել: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը:
Նրա գնահատմամբ՝ ընտրությունների գործընթացում մեծ առաջընթաց է գրանցվել, եւ ժողովրդավարական ընտրությունների արդյունքում Սերժ Սարգսյանն ավելի շատ ձայն է ստացել, քան 2008-ի նախագահական ընտրություններում՝ ամենամոտ մրցակից Րաֆֆի Հովհաննիսյանից 22%-ով առաջ անցնելով: «Իշխանություններին հաջողվեց երկու կարեւոր քայլ իրագործել՝ ժողովրդավարական ընտրություններ ապահովել եւ դրանց արդյունքում 58,50% ձայն հավաքել»,- նշել է նա:
Շարմազանովը նաեւ Րաֆֆի Հովհաննիսյանին եւ նախագահի մնացած թեկնածուներին շնորհավորել է ազատ եւ ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու կապակցությամբ. «Մեր երկրի քաղաքացիներն ապացուցեցին, որ ազատ են, մենք ապացուցեցինք, որ երկրում բազմակարծությունն ապահովված է: Այս ընտրություններում հաղթեց Հայաստանի քաղաքացին»:
Անդրադառնալով Րաֆֆի Հովհաննիսյանի՝ Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու մտադրությանը՝ Շարմազանովը նշել է, որ դա նրա իրավունքն է. «Չգիտեմ, թե նա ինչ պետք է խոսի, բայց շատ բան կախված է նրանից, թեինչ կասի ընդդիմության թեկնածուն: Փաստ է այն, որ ցանկանում են նրանք, թե ոչ, Րաֆֆի Հովհաննիսյանն ավելի շատ ձայն է ստացել, քան խորհրդարանական ընտրություններում: Եվ մարդկանց կարծիքները, թե ընտրությունները մրցակցային չեն, հօդս են ցնդել»:
Հիշեցնենք, համաձայն ԿԸՀ նախնական տվյալների, 1988 ընտրատեղամասերի քվեաթերթիկների արդյունքների ամփոփումից հետո, Սերժ Սարգսյանը հավաքել է ձայների 58,6 տոկոսը: «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը՝ 36,75 տոկոսը: Ընտրություններին մասնակցել է 1 մլն 521 հազար 931 մարդ կամ ընտրողների 60,18%-ը:




























