Պոկերի աշխարհի խոշորագույն Pokerstars կայքն Ատլանտիկ Սիթիում խաղատուն գնելու առաջարկ է ներկայացրել: Եթե գործարքը կայանա, ապա պոկերի կայքն առաջին անգամ «օֆլայն» հարթության լիիրավ սեփականատեր կդառնա:

Հնարավոր գործարքի արժեքն առայժմ անհայտ է: The Verge-ի տվյալով՝ խաղատան սեփականատերերը արդեն համաձայնել են, քանի որ այն այլեւս շահութաբեր չէ:

Գործարքը կայացած համարվելու համար պետք է, որ դրան հավանություն տան կարգավորողները:

Դրա հետ կապված կարող են բարդություններ ծագել, քանի որ դաշնային մակարդակով ԱՄՆ-ում առցանց պոկերն արգելված է:

2011թ. ԱՄՆ արդարադատության նախարարությունը խուզարկություններ էր անցկացրել պոկերի կայքերի հետ կապ ունեցող ձեռնարկություններում, այդ թվում՝ Pokerstars-ում: Դրանից հետո կայքերը փակվել էին, դրանց փողերի լվացման մեղադրանք էր ներկայացվել: Արդյունքում Pokerstars-ը համաձայնել էր նախադատական կարգով 731 մլն դոլար տուգանք վճարել, գրում է lenta.ru-ն:

Եթե գործարքը կայանա, ապա Pokerstars-ը ոչ միայն պոկերային սեղաններին հասանելիություն կստանա, այլեւ կկառավարի  խաղային ավտոմատները, բլեքջեքով եւ այլ խաղերով սեղանները, ինչպես նաեւ հյուրանոցը եւ ֆիթնես ակումբը: