Կասկած չկա, որ Հայաստանում տեղի ունեցած նախագահական ընտրություններում զգալի առաջընթաց է արձանագրվել` 2008-ի նախագահական ընտրությունների համեմատությամբ: Այս մասին, այսօր` փետրվարի 19-ին, մամուլի ասուլիսում հայտարարեց ԵԽԽՎ դիտորդական առաքելության ղեկավար Քարին Վոլդսեթը: Նրա խոսքով` Հայաստանում առաջընթացն արձանագրվել է իրավական ոլորտում, լրատվամիջոցների աշխատանքում, խոսքի ազատության եւ հասարակական ակցիաներ անցկացնելու ոլորտներում: «Այն հանգամանքը, որ նախագահական ընտրություններում մասնակցությունը կազմել է 60-64 տոկոս, նշանակում է, որ մարդիկ կամք են դրսեւորել ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու համար»,-ասաց Վոլդսեթը:
Սակայն, նրա խոսքով` ընտրությունների արդյունքում եղել է վարչական ռեսուրսների չարաշահում. «Այդուհանդերձ, ընտրությունները հարթ են անցել, թեեւ եղել են որոշ միջադեպեր կապված վստահված անձանց ու թանաքի հետ»:
Վոլդսեթը նաեւ նշել է, որ շատ ջանքեր են գործադրվել ընտրացուցակների ճշգրտման համար: «Ընտրությունները մրցակցային են եղել, որի վկայությունը Սերժ Սարգսյանի եւ Րաֆֆի Հովհաննիսյանի ստացած տոկոսներն են, համապատասխանաբար 68 եւ 36 տոկոս: Ընտրությունների մրցակցայնության մասին է վկայում նաեւ նախագահի թեկնածուների թիվը»:
Անդրադառնալով նրան, որ երկրի հիմնական քաղաքական ուժերը թեկնածու չեն առաջադրել, Վոլդսեթը նշել է, որ դրանում պետք է մեղադրել հենց իրենց. «Հայաստանը գտնվում է ճիշտ ուղու վրա դեպի ժողովրդավարություն»:




























