Հայաստանի նախագահական ընտրություններում եվրոպացի դիտորդները կցանկանային հանդիպել ակցիայի մասնակիցների հետ, որոնք իրենց ակցիայով խափանել էին դիտորդների ասուլիսը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր` փետրվարի 19-ին, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ եւ ԵԽԽՎ դիտորդական առաքելությունների մամուլի ասուլիսը սկսելու պահին ներխուժել են մի խումբ ակտիվիստներ, որոնք տապալել են ասուլիսը:
Ակտիվիստներից մի աղջիկ տեքստ է կարդացել, որում նշվում էր, թե երեկ կայացած ընտրություններն անցել են խախտումներով եւ եվրոպացի դիտորդներն իրավունք չունեն հաստատել այդ ընտրությունների արդյունքները: Անվտանգության աշխատակիցները փորձում էին հեռացնել աղջկան, սակայն նրանց չի հաջողվել դա, քանի որ վերջինիս կողմնակիցները շրջապատել են աղջկան եւ թույլ չեն տվել դուրս հանել:
Դիտորդական առաքելության ներկայացուցիչները դուրս են եկել սրահից: Ակցիայի մասնակիցները նաեւ վանկարկում էին «Go home» (Գնացեք տուն): Լրագրողների հարցին, թե ովքե՞ր են, ակցիայի մասնակիցները նշել են, թե Հայաստանի քաղաքացիներ են, որոնք եվրոպացի դիտորդներից պահանջում են հեռանալ Հայաստանից եւ չհաստատել ապօրինի ընտրությունների արդյունքները:
«Բեկում» ժողովրդավարության աջակցության Կենտրոն» ՀԿ նախագահ Արթուր Մինասյանը հայտնել է, որ իրենք իրենց ասելիքն ավարտել են եւ հետագա գործողություններ չեն նախատեսվում: Մեկնաբանելով ակտիվիստ աղջկա արարքը` նա ասել է. «Քաղաքացին խնդրեց խոսք, բայց իր նկատմամբ ուժ գործադրվեց: Մինչդեռ յուրաքանչյուր քաղաքացի ազատ արտահայտվելու իրավունք ունի: Սա ՀՀ քաղաքացիների գործողություն է»:
Դիտորդների ասուլիսը հնարավոր է եղել վերսկսել մեկ ժամ անց:
Մեկնաբանելով այս միջադեպը ԵԽԽՎ դիտորդական առաքելության ղեկավար Քարեն Վոլդսեթը նշել է, որ խոսքի ազատությունը լավ բան է, բայց այն չեղյալ չի համարում հարգանքը զրուցակցին հանդեպ: «Լավ կլիներ, որ մեզ մատչելի լեզվով պարզաբանեին, թե ինչումն է բանը»,-ասել է նա, հավելելով, որ դիտորդները կցանկանային հանդիպել այդ ակցիայի մասնակիցների հետ:
Լուսանկարն` Արսեն Սարգսյանի/NEWS.am




























