ՀՀԿ առաջնորդ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի պետի տեղակալ Դավիթ Հարությունյանը դրական է գնահատում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ զեկույցը հայաստանյան նախագահական ընտրությունների վերաբերյալ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Դավիթ Հարությունյանը:
«Ես դրական եմ գնահատում այդ եզրակացությունը եւ հավատում եմ, որ սկզբունքորեն նաեւ ուրվագծված են այն աշխատանքները, որ մենք պետք է շարունակենք կատարել»,- նշեց նա:
Հիշեցնենք, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության նախնական զեկույցում: նշվում է, որ նախագահական ընտրությունները Հայաստանում, ընդհանուր առմամբ, լավ կազմակերպված էին: «Ընտրական գործընթացը անցել է հանդարտ եւ լավ կազմակերպված, այցելած ընտրական տեղամասերի մեծամասնությունում։ Ոչ հարիր միջամտություն ընտրական ընթացքի վրա հիմնականում գործող նախագահի վստահված անձանց կողմից եւ որոշ դեպքերում լուրջ խախտումներ, ներառյալ ընտրողների վրա ճնշում գործադրելը դիտարկվել է մի շարկ ընտրատեղամասերում։ Ընտրողների անձնագրերը կնքելու թանաքը թերի էր, քանի որ այն հեշտությամբ մաքրվում էր ընտրողների անձնագրերից։ Դիտարկված ձայների հաշվարկման մեծ մասը գնահատվել է դրական, չնայած նշվել են թերություններ եւ ընթացակարգային խախտումներ։ Արդյունքների աղյուսակավորումը գնահատվել է դրական բոլոր 41 ԸԸՀ-ներում, բացի մեկից, սակայն դիտորդներին խոչընդոտել են դիտարկել արդյունքների համակարգչային մուտքագրում 12 դեպքերում։ ԿԸՀ-ն հայտարարել է ընտրողների նախնական մասնակցության թիվը՝ 61.2 տոկոս»,- ասվում է զեկույցում:




























