Նախագահական ընտրությունները Հայաստանում, ընդհանուր առմամբ, լավ կազմակերպված էին` հիմնական ազատությունների, խոսքի ազատության եւ զանգվածային հավաքների անցկացման իրավունքի կիրառմամբ: Այդ մասին ասվում է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության նախնական զեկույցում:

«Գործող նախագահի քարոզարշավը ամենաակտիվն էր եւ տեսանելին։ Վարչական ռեսուրսների չարաշահումը, այդ թվում ընտրողների վրա ճնշում գործադրելու դեպքերը, գործող նախագահի քարոզչական միջոցառումներին պետական պաշտոնյաների մասնակցությունը, ինչպես նաեւ պետական եւ ինքնակառավարման մարմինների կողմից զբաղեցրած շենքերում նախընտրական շտաբների գտնվելու  մի քանի դեպքերը  աղավաղել են պետության  եւ իշխող կուսակցության բաժանումը, ինչ հակասում է 1990 թ. ԵԱՀԿ կոպենհագենյան փաստաթղթի 5.4 եւ 7.7 պարբերությունների մեջ ամրագրված պետության եւ քաղաքական կուսակցությունների հստակ բաժանման հիմունքներին:

Լրատվամիջոցները  էական ուշադրություն են դարձրել  քաղաքական եւ ընտրություններին առնչվող տեղեկատվությանը, եւ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ ԸԴԱ-ի կողմից մշտադիտարկվող լրատվամիջոցները  պարբերաբար  լուսաբանել են  բոլոր թեկնածուներին։  Նրանք  ավելի շատ են լուսաբանել Սերժ Սարգսյանին  եւ Րաֆֆի Հովհաննիսյանին,  արտացոլելով նրանց  քարոզչական գործունեության մեծ մասը։

Հանրային հեռուստատեսությունը եւ  ռադիոն  կատարել են  մրցակիցներին անվճար եթերաժամ եւ հավասարակշիռ լուսաբանում տրամադրելու իրենց պարտավորությունը, եւ բոլոր թեկնածուները  օգտագործել են իրենց անվճար եթերաժամը։  Քարոզարշավի լուսաբանումը հիմնականում  ֆորմալ բնույթ էր կրում եւ չուներ վերլուծական մեկնաբանություն, եւ թեկնածուների միջեւ բանավեճեր չեն կազմակերպվել։

Ընտրական հանձնաժողովները եւ դատարանները  ստացել են սահմանափակ թվով բողոքներ։  Ընտրական օրենսգիրքը  սահմանափակում է բողոք ներկայացնելու այն անձանց  իրավունքը, ում ընտրական  իրավունքները վտանգված  են՝ էապես սահմանափակելով  ընտրողների եւ  դիտորդների  իրավունքը դիմելու դատական պաշտպանության՝ ընտրական իրավունքների խախտման դեպքում։  Ընտրական իրավուքների վերաբերյալ դատարանի որոշումները բողոքարկման ենթակա չեն, ինչ սահմանափակում է արդյունավետ իրավական պաշտպանության իրավունքը:

Ընտրական գործընթացը անցել է հանդարտ եւ լավ կազմակերպված, այցելած ընտրական տեղամասերի մեծամասնությունում։ Ոչ հարիր միջամտություն ընտրական ընթացքի վրա հիմնականում գործող նախագահի վստահված անձանց կողմից եւ որոշ դեպքերում լուրջ խախտումներ, ներառյալ ընտրողների վրա ճնշում գործադրելը դիտարկվել է մի շարկ ընտրատեղամասերում։  Ընտրողների անձնագրերը կնքելու թանաքը թերի էր, քանի որ այն հեշտությամբ մաքրվում էր ընտրողների անձնագրերից։ Դիտարկված ձայների հաշվարկման մեծ մասը գնահատվել է դրական, չնայած նշվել են թերություններ եւ ընթացակարգային խախտումներ։  Արդյունքների աղյուսակավորումը գնահատվել է դրական բոլոր  41 ԸԸՀ-ներում, բացի մեկից, սակայն դիտորդներին խոչընդոտել են դիտարկել արդյունքների համակարգչային մուտքագրում 12 դեպքերում։ ԿԸՀ-ն հայտարարել է ընտրողների նախնական մասնակցության թիվը՝ 61.2 տոկոս»,- ասվում է զեկույցում:

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ընտրությունների դիտորդական առաքելությունը սկսել է իր աշխատանքները Երեւանում հունվարի 10-ից: Այն ներառում է 16 մասնագետներ մայրաքաղաքում եւ 24 երկարաժամկետ դիտորդներ՝ տեղակայված ամբողջ Հայաստանի տարածքում:

Ընտրությունների օրը  283 կարճաժամկետ դիտորդներ  են տեղակայվել, այդ թվում,  24 անդամ ԵԽԽՎ պատվիրակությունից, 9 անդամ ԵԽ պատվիրակությունից: