Հայաստանի վարչապետՆիկոլ Փաշինյանն առաջիկայում աշխատանքային այցով կմեկնի Թուրքմենստան:
Դրա մասին Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված ընդունելության ժամանակ հայտնել է Աշխաբադում ՀՀ դեսպան Արսեն Ավագյանը, գրում է Turkmenportal-ը
Դիվանագետի խոսքով՝ Փաշինյանի այցը լրացուցիչ հնարավորություններ կստեղծի երկու երկրների միջև քաղաքական երկխոսության շարունակման և գործնական համագործակցության զարգացման համար։
Սպասվում է նաև Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովի պատասխան այցը Երևան։ Այն կարող է տեղի ունենալ Հայաստանում ՄԱԿ-ի կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) անցկացման շրջանում, որը տեղի կունենա 2026 թվականին։
Ավագյանը նշել է վերջին տարիներին հայ-թուրքմենական քաղաքական երկխոսության նկատելի աշխուժացումը։ Որպես օրինակ նա բերել է Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի երեք այցերը Թուրքմենստան՝ 2024 թվականի հոկտեմբերին, 2025 թվականի օգոստոսին և 2025 թվականի դեկտեմբերին։
Դեկտեմբերին աշխատանքային այցի ընթացքում Խաչատուրյանը հանդիպել է Սերդար Բերդիմուհամեդովի հետ։ Կողմերը քննարկել են քաղաքական, տնտեսական, կրթական և մշակութային համագործակցության հետագա զարգացումը, պատմական և մշակութային ժառանգության պահպանումը, էներգետիկայի և հաղորդակցությունների ոլորտում փոխգործակցության ընդլայնումը, ինչպես նաև ենթակառուցվածքների զարգացումը։
Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված ընդունելությունն անցկացվել է Աշխաբադի «Յըլդըզ» հյուրանոցում։ Միջոցառմանը մասնակցել են Թուրքմենստանի նախարարների կաբինետի նախագահի տեղակալ Գուվանչ Աղաջանովը, դիվանագիտական կորպուսի, գիտական և հասարակական համայնքի, գործարար շրջանակների ներկայացուցիչներ, ինչպես նաև Թուրքմենստանում բնակվող հայեր։



























