Աշխարհն անդառնալիորեն շարժվում է դեպի բազմաբևեռ համակարգ, սակայն այս գործընթացը կարող է ուղեկցվել գլոբալ հատվածավորման ուժգնացմամբ։ Այս մասին Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի ընդհանուր քննարկումների ժամանակ հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը։
Ըստ նրա՝ բազմաբևեռությունը կարող է տարբեր ձևեր ընդունել, և հնարավոր սցենարներից մեկն այնպիսի աշխարհի ձևավորումն է, որտեղ գերիշխելու են հատվածավորումն ու միջազգային հարաբերություններում գործարքային մոտեցումը։
Ինչպես նշել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը, զարգացումների նմանատիպ ընթացքը կարող է հանգեցնել պետությունների միջև լարվածության ու անվստահության աճի, համաշխարհային շուկաների բաժանման, միջազգային ինստիտուտների թուլացման և համագործակցության կրճատման։
Ընդհանուր լուծումներ փնտրելու փոխարեն՝ պետություններն այս դեպքում ավելի հաճախ են առաջնորդվելու «զրոյական գումարով» հաշվարկներով, որտեղ մի կողմի շահը դիտարկվում է որպես մյուսի կորուստ։
«Շատ առումներով աշխարհն այսօր շարժվում է հենց այս հետագծով»,— կարծում է Գուտերեշը։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը բազմիցս խոսել է ժամանակի ընթացքում գլոբալ ուժային հավասարշռության փոփոխության և նոր իրողությանը միջազգային ինստիտուտների հարմարեցման անհրաժեշտության մասին։ Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի նախօրեին նա նշել էր, որ համաշխարհային համակարգը փոխվում է, և գոյություն ունեցող ինստիտուտները պետք է համապատասխանեն այդ փոփոխություններին։
Իր այս ելույթում Գուտերեշը կոչ է արել թույլ չտալ, որպեսզի դեպի բազմաբևեռություն անցումն ուղեկցվի երկրների միջև կապերի հետագա քայքայմամբ, և հանդես է եկել միջազգային համագործակցության պահպանման օգտին։




























