Եմենի հյուսիս-արևմուտյան Ալ-Հազմ քաղաքի բանտին Սաուդյան Արաբիայի հասցրած հարվածի հետևանքով զոհվել է ինը կալանավոր, հայտարարել է հութիների շարժման ներկայացուցիչ Աբդելքադեր ալ-Մուրթադան, հաղորդում է Saba գործակալությունը։
Ալ-Մուրթադայի պատմելով՝ զոհվածները գերի էին ընկել վերջին մարտական գործողությունների ընթացքում։ Նա հայտարարել է, որ անցած գիշեր «սաուդական հակառակորդը» հարվածել է Ալ-Ջաուֆ նահանգում գտնվող բանտին։
Նոր հարվածի մասին հաղորդումները հայտնվել են հութիների և Սաուդյան Արաբիայի աջակցությունը վայելող Եմենի կառավարության ուժերի միջև դիմակայության կտրուկ սրման ֆոնին։
Վերջին շաբաթներին հութիները գրավել են Կարմիր ծովի ափի մի շարք ռազմավարական դիրքեր և առաջացել են դեպի Բաբ էլ-Մանդեբի նեղուց՝ Կարմիր ծովի և Ադենի ծոցի միջև ամենակարևոր ծովային անցումներից մեկը։
Ավելի վաղ՝ սեպտեմբերին, հութիներն Սաուդյան Արաբիային արդեն մեղադրել էին Ալ-Հազմի բանտին հասցված հարվածի համար։ Այդ ժամանակ հաղորդվում էր առնվազն յոթ զոհի մասին, սակայն հետագա հաղորդումները վկայում էին զոհերի թվի աճի մասին։ Սաուդյան կողմը չէր հաստատել պատասխանատվությունն այդ հարվածի համար։
Լարվածության նոր սրացումը դարձել է լրջագույններից մեկը 2022 թվականին լայնածավալ մարտական գործողությունների դադարեցումից հետո։ Reuters-ի տվյալներով՝ հութիների հարձակումը հանգեցրել է Բաբ էլ-Մանդեբի նեղուցի մոտ ռազմավարական տարածքների գրավմանը և լրացուցիչ ռիսկեր ստեղծել միջազգային նավագնացության համար։





























