Ակնկալիք լինում է, երբ գործ ունենք իրոք անկախ դատական համակարգի հետ, բայց հիմա մենք գործ ունենք դատավոր, դատախազ, քննիչ, մեկուսարանի հերթապահ ոստիկան, նույն մարդու՝ Նիկոլ Փաշինյանի դեմքով։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 22–ին, դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ անդրադառնալով «Մայր Հայաստան» կուսակցության անդամներ, ԱԺ նախկին պատգամավորներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի նկատմամբ հարուցված քրեական գործին։
«Չոր իրավաբանությամբ Արեգնազն ու Անդրանիկ Թևանյանը հենց հիմա պետք է դուրս գային այստեղից, բայց մենք գործ չունենք չոր իրավաբանության հետ, մենք գործ ունենք Նիկոլ Փաշինյանի քինախնդրության հետ, որը կարող է միտինգին հայտարարել, դրանից հետո նոր իրավական գործընթացը լինել՝ Նիկոլ Փաշինյանի գծածով, մինչև գա հասնի մի տեղ, ոնց որ Անդրանիկի և Արեգնազի քրեական գործը ամբողջությամբ փլուզվի, բայց շարունակեն պահել։
Իրականում մենք շատ աբսուրդ վիճակի մեջ ենք հայտնվել, և երբ ուրբաթ օրը իմացանք, որ Արեգնազի տեսակցությունները բացել են, սկսում ես դրանից ուրախանալ։ Շաբաթ օրը մեր Աննան Գրիգորյանը և Քրիստինե Վարդանյանը վերջապես Արեգնազին այցելել էին, բայց ամեն դեպքում պարզ տրամաբանությունը ուշում է, որ այսօրվա Արեգնազի խափանման միջոցի հարցը պետք է դրական լուծվի, որովհետև իրականում ինքնին աբսուրդ է նրա կալանքի տակ գտնվել»,–ասաց Մանուկյանը։
Նա նկատեց, որ Անդրանիկ Թևանյանի կալանքից հետո Արեգնազ Մանուկյանը մեկ ամիս ազատ է եղել, միտինգների է մասնակցել, որևէ կերպ չի խոչընդոտել և որևէ հիմք չկա նրան կալանքի տակ պահելու. «Բայց Արեգնազի դեպքում ես հասկանում եմ այն քինախնդրությունը, վրեժխնդրությունը, որ հնարավորինս սահմանափակվի։
Օրերս մեր Արթուր Խաչատրյանը էլի իր ելույթում մանրամասն խոսեց Անդրանիկ Թևանյանի խայտառակ քրեական գործի մասին, որովհետև էն ինչ որ քննչական մարմինը հայտարարել էր՝ բա, տեսեք բոբո շպիոն ենք բռնել, հիմա լրիվ ուրիշ իրավիճակ է և էդ առումով ամբողջ քրեական գործն է պայմանավորված»։
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ դատարանն այսօր Արեգնազ Մանուկյանի խափանման միջոց կալանքը փոխեց տնային կալանքի` այլ անձանց հետ շփման արգելքով:
Նշենք, որ «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանի նկատմամբ հարուցվել էր հանրային քրեական հետապնդում Քրեական օրենսգրքի 427-րդ հոդվածի 1-ին մասով (պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելը), նա կալանքի տակ էր քրեակատարողական հիմնարկում։
Նշենք, որ ըստ մեղադրանքի՝ ԱԺ նախկին պատգամավոր Անդրանիկ Թևանյանը 2024 թվականին Ազգային ժողովի փակ նիստից գաղտնի տեղեկություններ է փոխանցել ռուսական մի կենտրոնի՝ պատգամավոր Արեգնազ Մանուկյանի միջոցով։ Նախնական շրջանում առկա լրտեսության և օտարերկրյա հատուկ ծառայության կողմից հավաքագրման դրվագները հետագայում հանվել կամ փոխարինվել են պետական գաղտնիքի հրապարակման հոդվածով, իսկ պաշտպանական կողմը մեղադրանքը որակում է անհիմն։





























