Արևմտյան Գերմանիայում տեղակայված ամերիկյան խոշոր Շպանգդալեմ ավիաբազայում երեքշաբթի ինքնաթիռ է կործանվել։ Միջադեպի հետևանքով տուժել է մեկ մարդ, հայտնել են տեղական իշխանությունները։

Ավիաբազայի ներկայացուցիչը Ֆրանսպրես գործակալությանը հայտնել է, որ օդաչուն հասցրել է անվտանգ կատապուլտվել, ինչից հետո նրան տեղափոխել են բժշկական օգնություն ստանալու համար։

Կործանումից հետո բազայի տարածքում տեղակայվել են հրշեջ ստորաբաժանումներ և քաղաքացիական պաշտպանության ծառայություններ, հայտնել են տեղական իշխանությունները։

Միջադեպի հանգամանքների վերաբերյալ լրացուցիչ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում։ Չի նշվում նաև, թե կոնկրետ որ ինքնաթիռն է կործանվել։

Շպանգդալեմ ավիաբազան Ռայնլանդ-Պֆալց դաշնային երկրամասում է և ԱՄՆ ռազմաօդային ուժերի 52-րդ կործանիչ ավիաթևի տեղակայման վայրն է։ Ստորաբաժանումը ապահովում է ՆԱՏՕ-ի գործողությունների ավիացիոն աջակցությունը Եվրոպայում և նրա սահմաններից դուրս։