Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում հակամարտության ֆոնին մահմեդականներն ու քրիստոնյաները բախվում են Երուսաղեմի սուրբ վայրեր մուտքի սահմանափակումների։ Դրա մասին նա ասել է Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի ընդհանուր քաղաքական քննարկման ժամանակ ունեցած ելույթում։

«Երուսաղեմում մահմեդականներին և քրիստոնյաներին խոչընդոտում են սուրբ վայրեր մուտք գործել»,- հայտարարել է Էրդողանը։

Թուրքիայի նախագահը միաժամանակ կոչ է արել այն երկրներին, որոնք մինչ այժմ չեն ճանաչել Պաղեստինի պետությունը, վերանայել իրենց դիրքորոշումը։ Նա նշել է, որ Գազան այսօր «ոչ միայն աշխարհում երեխաների ամենամեծ գերեզմանոցն է», այլև այն տարածքն է, որտեղ երեխաների անդամահատումների մակարդակն ամենաբարձրն է աշխարհում։

Էրդողանը Գազան անվանել է «մեր ժամանակների ամենաանմարդկային և ամենախայտառակ համակենտրոնացման ճամբարը», իսկ տեղի ունեցողը՝ «ցեղասպանական մտածողության» արդյունք։ Նա հայտարարել է նաև Արևմտյան ափում «բնակեցնողների ահաբեկչության ամենածանր շրջանի» մասին։

«Պաղեստինի պետությունը խեղդելու փորձերը կձախողվեն։ Մենք կտեսնենք այն հրաշալի օրերը, երբ Պաղեստինը կստեղծվի 1967 թվականի սահմաններում՝ մայրաքաղաքը Արևելյան Երուսաղեմում»,- ասել է Էրդողանը։

Նա կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը՝ կրկին կրկնելով իր վաղեմի թեզը, թե «աշխարհը հինգից մեծ է»՝ նկատի ունենալով Անվտանգության խորհրդի վետոյի իրավունք ունեցող հինգ մշտական անդամներին։

Այս ֆոնին հատկապես հնչեղ էր Էրդողանի դիրքորոշումը Կիպրոսի վերաբերյալ․ նա միջազգային հանրությանը կոչ է արել ճանաչել Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը և դրա հետ հաստատել քաղաքական, դիվանագիտական և տնտեսական հարաբերություններ։

Թուրքիան 1974 թվականից վերահսկում է Կիպրոսի հյուսիսային մասը։ Նույն տարում ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կոչ էր արել դադարեցնել օտարերկրյա ռազմական միջամտությունը և պահանջել էր հրադադար, իսկ ավելի ուշ պաշտոնապես արտահայտել էր իր անհամաձայնությունը Կիպրոսի դեմ միակողմանի ռազմական գործողությունների կապակցությամբ։

Միևնույն ժամանակ Անկարան առ այսօր չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը։