Մուսուլմանական բնակչության գերակշռությամբ ութ երկրների արտաքին գործերի նախարարները Իսրայելին կոչ են արել կատարել Գազայում հրադադարի ծրագրի առաջին փուլի շրջանակում ստանձնած պարտավորությունները, այդ թվում՝ ապահովել մարդասիրական օգնության «անմիջական, անվտանգ և անխոչընդոտ» մատակարարումը, հաղորդում է Al Jazeera-ն։
Համատեղ հայտարարությունը ստորագրել են Թուրքիայի, Եգիպտոսի, Ինդոնեզիայի, Հորդանանի, Պակիստանի, Կատարի, Սաուդյան Արաբիայի և Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները։ Նրանք հայտնել են «խորը մտահոգություն Գազայում շարունակվող մարդասիրական տառապանքների կապակցությամբ» և ընդգծել հրադադարի ռեժիմը պահպանելու ու դրա խախտումները դադարեցնելու անհրաժեշտությունը։
Նախարարները նաև հայտարարել են, որ կտրականապես մերժում են պաղեստինցիներին իրենց հայրենիքից վտարելուն կամ հարկադիր տեղահանելուն ուղղված ցանկացած միջոց։ Նրանք հանդես են եկել օկուպացված պաղեստինյան տարածքի տարածքային կամ ժողովրդագրական բնույթը փոխելու փորձերի դեմ։
Հայտարարության մեջ ընդգծվում է ծրագրի իրականացման գործում ԱՄՆ-ի մշտական մասնակցության անհրաժեշտությունը։ Ութ երկրները նաև հայտարարել են, որ Գազայի հատվածը պետք է մնա «պաղեստինյան տարածքի անբաժանելի մասը»։
Նրանց կարծիքով՝ համաձայնագրի հետագա իրականացումը պետք է ուղեկցվի քաղաքական գործընթացով, որը կհանգեցնի անկախ պաղեստինյան պետության ստեղծմանը։
Վերջին ամիսներին այս ութ երկրները բազմիցս հանդես են եկել Գազայի իրավիճակի վերաբերյալ համատեղ հայտարարություններով։ Մասնավորապես, օգոստոսին նրանք դատապարտել են հրադադարի ռեժիմի շարունակվող խախտումները և կոչ արել ապահովել մարդասիրական օգնության անխոչընդոտ մատակարարումը, ինչպես նաև հանդես են եկել պաղեստինցիների հարկադիր տեղահանման ցանկացած փորձի դեմ։





























