Շվեդիայի ոստիկանության ազգային օպերատիվ բաժինը (NOA) ստանձնել է Բուրլենգե քաղաքում քվեարկության ընթացքում հնարավոր խախտումների հետաքննությունը, որոնք կապված են Ձախ կուսակցության թեկնածու Մոհամեդ Աբդուքադիր Ալիի նախընտրական արշավի հետ, հայտնում է SVT-ն։
Սկզբում գործը քննում էր Բերգսլագենի տարածաշրջանի ոստիկանությունը, սակայն այժմ այն փոխանցվել է NOA-ի կոռուպցիայի դեմ պայքարի ազգային խմբին։ Ոստիկանության ներկայացուցիչ Իրենե Սոկոլոուն SVT-ին հայտնել է, որ հենց այս խումբն է սահմանված կարգին համապատասխան քննում քվեարկության վրա անօրինական ազդեցության հետ կապված հանցագործությունները։
Հետաքննության առիթ է դարձել խորհրդարանական ընտրությունների ժամանակ հնարավոր խախտման վերաբերյալ հաղորդումը։ Շվեդական լրատվամիջոցների ներկայացրած տվյալների համաձայն՝ Բուրլենգեում ընտրողներին հնարավոր է տեղափոխել են տեղամասեր, որից հետո նրանց տրամադրել են նախապես նշված քվեաթերթիկներ՝ թեկնածուի անունով։ Բացի այդ, հաղորդման մեջ պնդվում է, որ որոշ մարդկանց կարող էին նաև գումար առաջարկել՝ Ալիի օգտին քվեարկելու համար։
Հնարավոր հանցագործության վերաբերյալ հաղորդումն ի սկզբանե ներկայացվել էր սեպտեմբերի 1-ին, ապա կարճվել էր ապացույցների անբավարարության պատճառով։ Երկուշաբթի օրը, նոր տեղեկությունների ի հայտ գալուց հետո, հետաքննությունը վերսկսվել է։ Գործը որակվում է որպես «քվեարկության վրա անօրինական ազդեցություն»։
Ինքը՝ Մոհամեդ Աբդուքադիր Ալին, որը ընտրությունների արդյունքներով ստացել էր բավականաչափ անձնական ձայներ՝ ռիկսդագ անցնելու համար, հերքում է խախտումներին որևէ առնչություն ունենալը։ Նա SVT-ին հայտնել է, որ հետաքննության մասին տեղեկությունը իր համար անակնկալ է եղել, և որ ինքը նման գործողություններ չի կատարել։ Միևնույն ժամանակ, SVT-ն ընդգծում է, որ չունի տվյալներ այն մասին, թե Ալին հանցագործության մեջ կասկածվում է։
Դատախազության ներկայացուցիչ Օսկար Էդվարդսսոնը հաստատել է հաղորդման ստացման փաստը, սակայն հրաժարվել է բացահայտել մանրամասները՝ նախաքննության գաղտնիության պատճառով։ Ներկայումս ոստիկանությունը նույնպես չի հայտնում, թե արդյոք արդեն հարցաքննություններ անցկացվել են։
Այժմ հետաքննությունը փոխանցվել է NOA-ի կոռուպցիայի դեմ պայքարի ազգային խմբին։ Ոստիկանությունն առայժմ չի բացահայտում լրացուցիչ մանրամասներ և հետագա մեկնաբանությունների համար խորհուրդ է տալիս դիմել դատախազությանը։




























