Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ, ընթանում է գեղարվեստի պետական ակադեմիայի պրոռեկտոր Սվետլանա Գեւորգյանի, ամբիոնի վարիչ Հայկ Փայասլյանի, դեկան Խաչիկ Ազիզյանի եւ մի դիմորդի հոր ու մոր՝ Արայիկ Ֆահրադյանի ու Արմինե Ենոքյանի գործի դատաքննությունը: Այդ մասին գրում է «Ժամանակ» թերթը։

«Սա այն հազվադեպ պատահող գործերից է, որով ամբաստանյալի աթոռին կողք կողքի նստած են կաշառք վերցնելու եւ կաշառք տալու համար մեղադրվողները: Ըստ մեղադրանքի՝ 1940 թվականին ծնված Սվետլանա Գեւորգյանը, աշխատելով Երեւանի գեղարվեստի պետական ակադեմիայում՝ որպես ուսումնագիտական գծով պրոռեկտոր, ռեկտորի հրամանով ընդգրկվելով 2012-2013 թվականների ուսումնական տարվա ընդունելության քննությունների ընդունող հանձնաժողովի կազմում՝ որպես հանձնաժողովի նախագահի տեղակալ, հանդիսանալով առանձին լիազորությամբ կազմակերպական-տնօրինչական գործառույթ իրականացնող պաշտոնատար անձ, նույն հանձնաժողովի պատասխանատու քարտուղար, ակադեմիայի համակարգչային գրաֆիկայի եւ դեկորատիվ կիրառական արվեստի ամբիոնի վարիչ, 1953 թվականին ծնված Հայկ Փայասլյանի հետ նախնական համաձայնությամբ, իրենց պաշտոնական դիրքն օգտագործելով մի դիմորդի օգտին գործողություններ կատարելուն նպաստելու, այն է՝ վերջինիս քննությունների արդյունքներն անցողիկ միավորներով ապահովելու միջոցով ակադեմիա ընդունելու համար, 2012 թվականի ապրիլին ակադեմիայի կերպարվեստի ֆակուլտետի դեկան, 1948 թվականին ծնված Խաչիկ Ազիզյանի միջնորդությամբ դիմորդի ծնողներից՝ Արմինե Ենոքյանից ու Արայիկ Ֆահրադյանից ընդունել են առանձնապես խոշոր չափերի՝ 3500 դոլար կաշառք ստանալու առաջարկը, իսկ 2012 թվականի մայիսին Ազիզյանի միջոցով Ենոքյանից ու Ֆահրադյանից ստացել են այդ կաշառքը:

Սվետլանա Գեւորգյանը եւ Հայկ Փայասլյանը մեղադրվում են ՀՀ քրեական օրենսգրքի 311 հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, Խաչիկ Ազիզյանը՝ քրեական օրենսգրքի 313 հոդվածի 1-ին մասով, 1967 թվականին ծնված Արայիկ Ֆահրադյանը եւ 1969 թվականին ծնված Արմինե Ենոքյանը՝ քրեական օրենսգրքի 312 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Այս ամբողջ խմբից կալանքի տակ է միայն դասախոսական եռյակի «ամենաերիտասարդ» ներկայացուցիչը՝ 59-ամյա վատառողջ Հայկ Փայասլյանը: Նրա շահերի պաշտպան Լուսինե Սահակյանը խնդրում էր հաշվի առնել իր պաշտպանյալի առողջական վիճակը, շատ չձգձգել դատավարությունը, որ մարդը կարողանա վիրահատվել. նա ողնաշարի հետ կապված լուրջ խնդիրներ ունի, եւ վիրահատական միջամտություն է անհրաժեշտ:
Նախորդ դատական նիստին Լուսինե Սահակյանը միջնորդել էր փոխել իր պաշտպանյալի խափանման միջոցը: Դատարանը մերժել էր միջնորդությունը: Հաջորդ դատական նիստը նշանակվեց մարտի 7-ին:

Հիշեցնենք, որ այս ԲՈՒՀ-ի ռեկտորը ԲՀԿ կուսակցության անդամ Արամ Իսաբեկյանն է»,- գրում է «Ժամանակը»։