Պետերբուրգում փետրվարի 19-ի երեկոյան ադրբեջանցիների մասնակցությամբ զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել։ Մասնակիցները տրավմատիկ զենք են կիրառել եւ քաղաքի փողոցներում մեքենաներով միմյանց հետապնդել։ Ոստիկանությունը տաք հետքերով 15 հոգու է ձերբակալել։

Կռիվը, որին մասնակցել է  մի քանի տասնյակ մարդ, սկսվել է ժամը 19:30-ի սահմաններում՝ Դմիտրովի փողոցի «Չիստիե պրուդի» սրճարանի մոտ, հայտնում է fontanka.ru-ն։ Գործի են դրվել սառը զենքերն ու տրավմատիկ ատրճանակները։ Տուժել են նաեւ պատահական անցորդներ։

Բացի այդ, կռվի մասնակիցները սկսել են մեքենաներով միմյանց հետապնդել` բախվելով կայանած մյուս մեքենաներին, որոնց վարորդներին էլ ծեծել են: 

«Կոմսոմոլսկայա պրավդան» հստակեցնում է, որ կռվին մասնակցել են ադրբեջանական մի գյուղի 20 բնակիչներ: Կռվի վայրում հայտնաբերվել են փամփուշտներ, տրավմատիկ ատրճանակներ, դանակ եւ մահակներ:

Ոստիկանությունը եւ շտապօգնությունը ժամանել են կռիվն սկսվելուց 45 րոպե անց: Ըստ ոստիկանության տվյալների` հիվանդանոց է տեղափոխվել չորս մարդ: Ըստ Life News-ի` վիրավորվել է հինգ մարդ` Տագիեւ Սամանդարը, Տագիեւ Փահրուսը, Աթաքիշնեւ Միրգուսը, Ալահվերդիեւ Զաֆարը, Մամեդով Ելվինը: Խմբագրությունը պարզել է, որ կռվի պատճառը բիզնեսն է եղել: 

Ձերբակալվել են կռվի 15 մասնակիցներ: Նրանց տեղափոխել են  ոստիկանության բաժին: Հաստատվել է, որ միջադեպում ազգային դրդապատճառ չի եղել: Նախօրեին Ֆրունզեի շրջան էին ուղարկվել ոստիկանության լրացուցիչ ջոկատներ: