Հայաստանում անցկացված նախագահական ընտրություններն ընդհանուր առմամբ լավ էին կազմակերպված, եւ պահպանվել է քաղաքացիների հիմնարար ազատությունների նկատմամբ հարգանքը, ճեպազրույցի ընթացքում հայտնել է ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի մամուլի քարտուղար Վիկտորյա Նուլանդը, ԱՄՆ-ից փոխանցում է NEWS.am-ի թղթակիցը։

«Համաձայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական արդյունքների՝ Հայաստանի գործող նախագահ Սարգսյանը հաղթել է ընտրություններում՝ 58,64 տոկոս հավաքելով։ Մենք պաշտպանում ենք ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության այն տեսակետը, որ ընտրություններն ընդհանուր առմամբ լավ էին կազմակերպված, եւ պահպանվել է քաղաքացիների հիմնարար ազատությունների նկատմամբ հարգանքը, այդ թվում՝ հավաքների եւ կարծիքների արտահայտման ազատությունը», - ասել է Պետդեպի մամուլի քարտուղարը։

Վիկտորյա Նուլանդը նաեւ նշել է ԺՀՄԻԳ ներկայացուցիչների դիտարկումը, ըստ որի Հայաստանի լրատվամիջոցները կատարել են իրենց օրենսդրական առաքելությունը` հավասարակշռված լուսաբանում ապահովելով բոլոր մրցակիցների համար եւ բոլոր թեկնածուներին անվճար եթերաժամանակ տրամադրելով։

«ԺՀՄԻԳ-ին մտահոգել է պետական պաշտոնյաների կողմից անկողմնակալության որոշակի բացակայությունը եւ վարչական ռեսուրսի չարաշահումը։ Սակայն ընդհանուր առմամբ, ընտրությունները անցան հանգիստ եւ լավ կազմակերպված», - ասել է Նուլանդը՝ հավելելով, որ «կան գործընթացին ապօրինաբար միջամտելու որոշակի դեպքեր, այդ թվում՝ հաղթող թեկնածուի ներկայացուցիչների կողմից», ինչպես նաեւ «գրանցվել են մի քանի լուրջ խախտումներ, որոնք ակնհայտորեն կհետաքննվեն»։