Վրաստանի ղեկավարությունը խորհրդարանում փոփոխություններ է մտցրել «օկուպացված տարածքների վերաբերյալ» օրենքի մեջ: Այժմ Աբխազիա կամ Հարավային Օսիա առաջին անգամ այցելելու համար հարկ կլինի վճարել ընդամենը մի փոքր տուգանք, իսկ մի շարք դեպքերում այնտեղ գնալը լրիվ օրինական կլինի:
Ըստ վրացական լրատվամիջոցների` օրինագծի համաձայն Աբխազիա եւ Հարավային Օսիա առաջին այցելության համար պետք է վճարել 400 լարի (մոտ 250 դոլար) վարչական տուգանք: Քրեական գործ կհարուցվի միայն այդ հանրապետություններ կատարած այցը կրկնելու դեպքում:
Բացի այդ, վրացական կառավարությունն իրավունք կստանա պաշտոնապես թույլատրել այցն Աբխազիա եւ Հարավային Օսիա, որի դեպքում ընդհանրապես պատիժ չի սահմանվի:
Հարավային Օսիան եւ Աբախազիան Վրաստանի կողմից ճանաչվել են որպես «օկուպացված տարածքներ» եւ, համաձայն գործող օրենքի, առանց Թբիլիսիի իմացության եւ թույլտվության այդ տարածքներ այցելելու համար կպատժվեն կամ խոշոր գումարային տուգանք վճարելով (սկսած 1,2 հազար դոլարից), կամ մինչեւ չորս տարի ազատազրկմամբ:




























