2013թ-ի նախագահական ընտրությունները շատ դժվար է համեմատել 1996թ-ի ընտրությունների հետ: Այս մասին, այսօր` փետրվարի 20-ին, ասուլիսում ասաց Հանրային խորհրդի նախագահ, 1996-ին նախագահի թեկնածու եղած Վազգեն Մանուկյանը: Նրա խոսքով` այն տարիներին պրակտիկորեն թղթերով ապացուցված էր, թե ընտրություններում ինչ է տեղի ունեցել: Մոտավորապես 65 տոկոս ընդդիմությունն էր հավաքել, իսկ 35 տոկոս` իշխանությունը, քանի որ այն օրերի օրենքը թույլ էր տալիս, որ հաշվարկից հետո մի օրինակ էլ տային թեկնածուի ներկայացուցչին:
Վազգեն Մանուկյանն ասաց, որ 1998թ-ին ժողովուրդը համոզված էր, որ ինքը կարող է անել աին, ինչ կամենա, սակայն աստիճանաբար ժողովրդի հետ հաշվի չնստեցին եւ այդ համոզումը կոտրվեց: Հանրային խորհրդի նախագահն ընդգծեց, որ այն տարիներին ժողովուրդը շարժումից նոր էր դուրս եկել եւ Հայաստանը լեփ-լեցուն էր հեղափոխական տրամադրություններ ունեցող մարդկանցով, իսկ այս անգամ, ի սկզբանե նկատվում էր անտարբերություն ընտրությունների հանդեպ:
Վազգեն Մանուկյանը նաեւ առաջարկեց, որ հիմիկվանից պետք է փոփոխություն անել եւ քվեաթերթիկի վրա ավելացվի «բոլորին դեմ» տողը: Դիտարկմանը, թե այդ դեպքում կարող էր «բոլորին դեմ»-ը հաղթել, նա արձագանքեց. «Դա էլ է տարբերակ»:
Հարցին, թե առաջիկայում ի՞նչ է կանխատեսում, Մանուկյանն ասաց, այն ինչ բոլորի համար անսպասելի կլինի, բայց ոչ իր համար:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























