Հայաստանի նախագահի թեկնածու, ԼՂՀ ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանն իր շնորհակալությունն է հայտնել «Շանթ» հեռուստաընկերությանն` օպերատիվ աշխատանքի համար, որի օգնությամբ հաջողվել է բացահայտել ԿԸՀ-ի կատարած կեղծիքները: Այս մասին նա ասաց այսօր` փետրվարի 20-ին, մամուլի ասուլիսում:

Մելիքյանի խոսքով` նախնական տվյալների համաձայն, որոնք հրապարակել է «Շանթ» հեռուստաալիքը, ինքը հավաքել է 6 տոկոս ձայն, սակայն իրեն զրկել են այդ ձայներից, ցույց տալով 0,24 տոկոս: «Այսպիսով ինձ զրկել են նաեւ ընտրագրավը հետ ստանալու հնարավորությունից»,-ընդգծեց թեկնածուն:

Հիշեցնենք, որ եթե ընտրություններում նախագահի թեկնածուն հավաքում է 5 տոկոսից ավելի ջայն, նրա մուծած 8 մլն դրամի ընտրագրավը վերադարձվում է:

Արման Մելիքյանը նաեւ հավելեց, որ կեղծել են ոչ միայն իր ձայները, այլեւ ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի ձայները: «Իմ ձայները գողացել են, որպեսզի ցույց տան, որ այսպիսի ընտրությունների դեմ հանդես եկող մարդկանց թիվն այդքան էլ մեծ չէ»,-ընդգծեց Մելիքյանը:

Լուսանկարն` Արսեն Սարգսյանի/NEWS.am