Եթե Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարի, որ իսկապես տեղի են ունեցել կեղծիքներ, բայց ինքն ընդունում է այս արդյունքները եւ չի բողոքարկում, դա կլինի նոր օրիգինալ էջ հայ ժողովրդի երրորդ հանրապետության պատմության մեջ: Այս մասին այսօր` փետրվարի 20-ին, ասուլիսում հայտարարեց Հանրային խորհրդի նախագահ, 1996-ին նախագահիի թեկնածու Վազգեն Մանուկյանը, հավելելով, որ նախկինում այդպես երբեք չի եղել:

Նրա խոսքով` Րաֆֆի Հովհաննիսյանի համար հիմա շատ դժվար է, որովհետեւ ինքն անկեղծ համոզված է, որ հաղթել է: «Բացի այդ, կանխագուշակում եմ, որ եթե ինքը նման բան անի, բոլորն իրեն կմեղադրեն դավաճանության, խաբելու մեջ: Շատ դժվար է նման բան անել, բայց հնարավոր է: Երկրորդ ճանապարհը հանրահավաքներն են»,- ասաց Վազգեն Մանուկյանը, ընդգծելով, որ այս անգամ չեն լինի մարտի 1-ի դեպքերը հիշեցնող ընդհարումներ, բացի այդ իշխանությունն էլ այլ որակի է:

«Կլինեն հանրահավաքներ, որը կամաց կամաց կմաշվի կգնա: Բայց այդ ճանապարհը որոշողը Րաֆֆի Հովհաննիսյանն է: Մենք տեսել ենք, որ երկրորդ ճանապարհը երբեք օգուտ չի տվել»,- ընդգծեց Վազգեն Մանուկյանը:

Նա նշեց, որ Սերժ Սարգսյանը համոզված է, որ մաքուր ընտրություններ է կազմակերպել եւ հաղթել է: «Ինքն ինչի՞ մասին պետք է մտածի»,-ասաց նա, հավելելով, որ Րաֆֆի Հովհաննիսյանի հավաքած ձայները ցույց են տալիս, որ նա, ոչ միայն լավ էր կազմակերպել ընտրարշավը, այլեւ իշխանություններից դժգոհությունն ավելի մեծ էր, քան կարելի էր սպասել:

Վազգեն Մանուկյանը կարծիք հայտնեց, որ իշխանությունը դրա հետ պետք է հաշվի նստի: Նա քիչ հավանական համարեց միասնությունը ինչպես եղավ 1996 թվականին, բայց ավելացրեց, որ այն բանաձեւը, թե «մեր դեմ խաղ չկա», մաշվել է, ինչը ցույց տվեց Մաշտոցի պուրակի, Թռչկանի ջրվեժի եւ մի շարք այլ հարցերի հանգուցալուծումը: «Այդ ժամանակ, որ հասարակությունը ձայն էր բարձրացնում, չէին ասում. «մեր դեմ խաղ չկա», այլ որոշ դեպքերում գնում էին զիջումների»,- պարզաբանեց Վազգեն Մանուկյանը:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am