Մնացած թեկնածուներն էլ պետք է չմասնակցեին նախագահի ընտրություններին, քանի որ լավ գիտեին, որ արդյունքները կեղծվելու են: Այդ մասին այսօր՝ փետրվարի 20-ի մամուլի ասուլիսում հայտնել է Հայաստանի նախագահի թեկնածու, ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը, որն ընտրությունների օրը քվեարկության չէր գնացել:
Նա նշել է, որ կմտածի Սահմանադրական դատարան դիմելու մասին, սակայն ոչ այն բանի համար, որ վստահում է Հայաստանի իրավական համակարգին, այլ նրա, որ իր դիմումը մերժվի եւ արդեն Եվրոպական դատարան դիմելու հնարավորություն կծագի:
Հարցին, թե կմիանա՞ մյուս թեկնածու, «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի քայլերին, նա պատասխանել է. «Ոչ, ես դա չեմ անի, քանի որ նա էլ էր մասնակցում այս «կրկեսին» եւ, մասնակցելով ընտրություններին, նպաստել է դրանց լեգիտիմացմանը: Ի դեպ, նույնն արեց նաեւ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը՝ մասնակցելով քվեարկությանը»:
Ընտրական գործընթացում իր վստահված անձանց բացակայությունն Արման Մելիքյանը հիմնավորել է նրանով, որ չէր ցանկանում վերահսկել կեղծված ընտրությունները:




























