Նախագահական ընտրությունները կեղծվել են ընտրության օրվա գիշերը: Այս մասին, փետրվարի 20-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ազգագրագետ Հրանուշ Խառատյանը` նշելով, որ իշխանությունները դիմել են այդ պահեստային քայլին, երբ ընտրությունների ընթացքն արդեն դուրս էր եկել վերահսկողությունից:
Խառատյանի խոսքով` այնուամենայնիվ, այս ընտրություններով կարելի է հպարտանալ այն բանի համար, որ ժողովուրդը` չտրվելով սպառանալիքներին եւ ճնշումներին, իր մեջ ուժ է գտել եւ քվեարկել է իր խղճով: «Այս մասին հենց վկայում է այն պաշտոնական 37%-ը, որ ստացել է Րաֆֆի Հովհաննիսյանը: Եվ սա այն դեպքում, երբ ընդդիմությունը մասնատված է եղել, երբ բոլոր ընտրատեղամասերում չէր, որ Րաֆֆի Հովհաննիսյանը մարդկային ռեսուրսներ է ունեցել:
Եվ եթե նման պայմաններում նա այդքան ձայն է հավաքել, ապա դա նշանակում է, որ ժողովուրդն իր մեջ կամքի ուժ է գտել»: Խառատյանը նաեւ նշել է, որ նման ձեւով ժողովուրդը փորձել է «ոչ» ասել իշխանություններին. «Սա ժողովրդի հոգեբանական հաղթանական էր ռեժիմի հանդեպ»:




























