Ընդդիմադիր գործընթացները Հայաստանում չեն հանդարտվի նախագահական ընտրություններից հետո: Այդ մասին հայտարարել է կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը փետրվարի 20-ին կայացած մամուլի ասուլիսում:
«Հայաստանը հղի է ընդդիմությամբ: Արդեն մի քանի անգամ կաթսայի «եռումը» ստիպել է «կափարիչին» թռչկոտել»,- ասել է քաղաքագետը: Նա հիշեցրել է 2008թ. իրադարձությունները, Հայ ազգային կոնգրեսի ստեղծումը, այժմ ՀԱԿ կուսակցություն ստեղծելու փորձերը: Իշխանությունը համեմատելով հրե գնդի հետ` քաղաքագետը նկատել է, որ պետք է գտնվի այն մարդը կամ խումբը, որ կվերցնի այն եւ կպահի: «Մի բան է վերցնել մեկ վայրկյանով եւ բաց թողնել, մեկ այլ բան` վերցնել ու կարողանալ պահել այն»«- ասել է քաղաքագետը:
Նրա խոսքով, նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը երկար ժամանակ է քաղաքականության եւ ընդդիմության մեջ եւ հավակնում է ընդդիմության առաջնորդի դերին: «Մինչ այժմ չէր ստացվում»,- արձանագրել է Իսկանդարյանը` հավելելով, որ այժմ Հովհաննիսյանի առջեւ դրված է ընտրողների ձայները պահելու խնդիրը:
Խոսելով Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից ընտրությունների արդյունքները չընդունելու մասին` քաղաքագետն ասել է, որ հայաստանում սկսած 1995թ. պարտված կողմը չի ընդունում իր պարտությունը: «Դա քաղաքական ավանդույթ է, ինձ ավելի զարմացնում է, որ մյուս թեկնածուներն իրենց հաղթող չհռչակեցին»,- ասել է նա:




























