Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը պարզաբանել է նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբի հայտարարությունը` կապված մի շարք ընտրատեղամասերում ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու եւ վերահաշվարկ անելու հետ:

ԿՀ-ի հաղորդագրությունում նշվում է.

«Քվեարկության արդյունքների վերահաշվարկ այս պահին իրականացվում է միայն 2  ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում` թիվ 2 եւ թիվ 3:

Թիվ 2 ընտրատարածքում վերահաշվարկի դիմումների քննությանը ներկա է եղել Րաֆֆի Հովհաննիսյանի վստահված անձ Ստյոպա Սաֆարյանը, որը հիմա էլ ընտրատարածքում է:

Թիվ 3 ընտրատարածքում վերահաշվարկվել է մեկ տեղամասի քվեարկության արդյունք, որին ներկա է գտնվել է Րաֆֆի Հովհաննիսյանի վստահված անձ Կարեն Արշակի Վարդանյանը, ինպես նաեւ վերահաշվարկվող թիվ 3/33 տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ, «Ժառանգություն» խմբակցության կողմից նշանակված Դանիել Իոաննիսյանը:

Ինչ վերաբերում է միասնական ձեւաթղթերով ներկայացված դիմումներին, որոնք ստորագրված են թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից, ապա դրանք ոչ թե վերահաշվարկի պահանջի, այլ տեղամասի քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումներ են եւ կքննարկվեն ԸԸՀ-ներում ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգով եւ ժամկետներում»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Հայաստանի ընտրական օրենսգրքի 48 հոդվածով սահմանված կարգով ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը դիմել է մի շարք ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներ` մի քանի տասնյակ ընտրատեղամասերում ընտրության արդյունքները անվավեր ճանաչելու պահանջով: Այս մասին հաղորդագրություն է տարածել Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբը, որում ասվում է.

«Պահանջի բավարարումը ենթադրում է քվեարկության արդյունքների վերահաշվարկ, որի ընթացքում «դիմող կողմն այլ փաստաթղթերի հետ իրավունք ունի ծանոթանալու ընտրողների ստորագրած ցուցակներին, ինքնուրույն կատարելու քաղվածքներ» (ԸՕ հոդված 48, կետ 14): Գործընթացին իրավասու են ներկա գտնվել եւ հետեւել թեկնածուի վստահված անձինք, լրագրողներ, դիտորդներ:

Ընտրատարածքային հանձնաժողովներ ներկայացված դիմումներում հստակ նշված է եղել Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբի հեռախոսահամարը, որով թեկնածուին պետք է տեղյակ պահվեր դիմումին տրված ընթացքի եւ յուրաքանչյուր ընտրատեղամասի` քվեարկության արդյունքների վերահաշվարկի ժամի մասին, որպեսզի հնարավոր լիներ ապահովել Հովհաննիսյանի վստահված անձանց ներկայությունը:

Մինչդեռ առանց որեւէ հեռախոսազանգով կամ կապի այլ միջոցով թեկնածուին տեղյակ պահելու, առանց թեկնածուի վստահված անձանց ներկայության մի շարք ԸԸՀ-ներում այսօր ժամը 11:00-ից մեկնարկել է վերահաշվարկների գործընթաց:

Խստիվ դատապարտելով օրինականության այս աղաղակող խախտումը, պաշտոնապես պահանջում ենք անմիջապես, բոլոր ԸԸՀ-ներում դադարեցնել ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի դիմումների հիման վրա կատարվող քվեարկության արդյունքների վերահաշվարկները:

Դրանք սկսել միայն եւ պարտադրաբար թեկնածուի շտաբին տեղյակ պահելուց եւ Հովհաննիսյանի վստահված անձանց, լրագրողների, դիտորդների` ԸԸՀ-ներ ժամանելուց հետո»: