Համաշխարհային համբավ ունեցող KASPERSKY LABORATORY ընկերությունը ամեն տարի կազմակերպում է «IT Security for the next Generation» խորագրով ուսանողական միջազգային կոնֆերանս, որի «Ռուսաստան եւ ԱՊՀ երկրներ» փուլն այս տարի առաջին անգամ անցկացվելու է Հայաստանում` Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում (Պոլիտեխնիկ):
Կոնֆերանսի պաշտոնական բացումը տեղի կունենա 2013թ. փետրվարի 21-ին ժամը` 10.00-ին, ՀՊՃՀ 1-ին մասնաշենքի 1301 նիստերի դահլիճում:
Կոնֆերանսին մասնակցում են 14 ուսանողներ եւ ասպիրանտներ Հայաստանի, Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի եւ Ուկրաինայի բուհերից: Ընդ որում, այս տարի կոնֆերանսին հայտ ներկայացրած եւ նախընտրական փուլը հաղթահարած 14 զեկուցողներից 10-ը Հայաստանից են, այդ թվում` 7-ը Պոլիտեխնիկից են, 1-ը` ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի ինստիտուտից, 1-ը` Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայից եւ 1-ը` Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանից:
Այս կոնֆերանսն ուսանողներին հնարավորություն է ընձեռում կենդանի շփում ունենալ տեղեկատվական անվտանգության բնագավառի առաջատար մասնագետների հետ, միջազգային շփման փորձ կուտակել, կատարել փորձի եւ գիտելիքի փոխանակում, ինչպես նաեւ մասնագիտական հմտություններ ձեռք բերել, ինչը կնպաստի սեփական կարիերային:
Հաղթողների համար նախատեսված են հետեւյալ դրամական մրցանակները. 1-ին տեղ՝ 1000 ԱՄՆ դոլար, 2-րդ տեղ՝ 750 ԱՄՆ դոլար եւ 3-րդ տեղ՝ 500 ԱՄՆ դոլար։ Խրախուսական մրցանակներ են սահմանել նաեւ ՀՊՃՀ-ն. Մայքրոսոֆթ Արմենիա ընկերության հայաստանյան ներկայացուցչությունը եւ ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի եւ ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը:
Ներկայացված աշխատանքների թեմաներն են.
• նոր հարթակներ. նոր մարտահրավերներ,
• ամպային համակարգերի, վիրտուալացնող ծառայությունների եւ տեղեկատվության մեծ ծավալների մշակման ենթակառուցվածքների անվտանգություն,
• տեղեկատվության պաշտպանության հեռանկարային տեխնոլոգիաներ,
• կորպորատիվ ենթակառուցվածքի անվտանգություն,
• տեղեկատվական անվտանգության բնագավառի կրթություն։
Կոնֆերանսի բոլոր մասնակիցները կստանան մասնակցության դիպլոմներ եւ հուշանվերներ, իսկ լավագույն 3 աշխատանքների հեղինակները կարժանանան դրամական մրցանակների եւ հունիսին կմեկնեն Լոնդոն՝ եզրափակիչ փուլին մասնակցելու համար, որտեղ կմրցեն Հարավային Ամերիկայում, ԱՄՆ-ում, Եվրոպայում, Ասիայում ու Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում մինչ այդ կայացած ընտրական չորս փուլերի հաղթողների հետ։
Բացի 14 զեկույցներից` մասնագիտական արժեքավոր դասախոսություններով հանդես կգան նաեւ “KASPERSKY LABORATORY” ընկերության Մոսկվայի հետազոտական կենտրոնի ղեկավար Սերգեյ Նովիկովը եւ ընկերության առաջատար հակավիրուսային փորձագետները:
Կոնֆերանսի պաշտոնական փակման եւ մրցանակների հանձնման արարողությունները տեղի կունենան փետրվարի 22-ին, ժամը` 12.40-ին:



























