Բելառուսի իրավապահ մարմինները հայտնել են Վիտեբսկի ՊԱԿ-ի շենքի մոտ պայթյունի կազմակերպման մեջ կասկածվող կնոջ ձերբակալման մասին: Հանցագործության մեջ մեղադրվում է նախկինում գույքի փչացման, խուլիգանության եւ գողության  համար դատված մի կին:

Փետրվարի 20-ին Քննչական կոմիտեի  մարզային վարչության ղեկավար Վլադիմիր Շալուխինը հայտնել էր, որ դեպքի վայրում հայտնաբերել են մետաղի (էներգետիկ ըմպելիքի բանկայից), կպչուն ժապավենի կտորներ եւ այլ իրեղեն ապացույցներ, որոնց շնորհիվ պարզել են հանցագործություն կատարած մարդու ինքնությունը հաղորդում է «Բելտան»:

Հետազոտությունները եւ քննչական գործողությունները թույլ են տվել որոշել կասկածյալի սեռը եւ որոշակի հիվանդության առկայությունը: Քննիչների տեսադաշտում է հայտնվել Վիտեբսկի 1970թ. ծնված մի բնակչուհի: Նրա բնակության վայրում խուզարկություն են անցկացրել եւ հայտնաբերել  պայթուցիկ խառնուրդների պատրաստման միջոցների գրառումներով ձեռագիր տետր:

Տետրում եղել են նաեւ թերթերից կտրած հրապարակումներ տարբեր պայթյունների մասին, այդ թվում Բելառուսի Վիտեբսկի մարզի ԿՀՎՎ-ի վարչական շենքի պայթյունի:

Կասկածյալի մոտ հայտնաբերել են մի քանի ինքնաշեն պայթուցիկներ, շուրջ հարյուր պետարդներ, պնեւմատիկ ատրճանակ: 
Հիշեցնենք, որ նոյեմբերի 11-ին Վիտեբսկում ժ. 18.48-ին ՊԱԿ-ի վարչության շենքի մոտ տեղի էր ունեցել ինքնաշեն պարզ պայթուցիկի պայթյուն, որից վնասվել էին վարչական շենքի երկու պատուհանները: