NEWS.am-ը որոշակի կրճատումներով ներկայացնում է «Los Angeles Times»-ում հրապարակված` պարբերականի մոսկովյան թղթակից Սերգեյ Լոյկոյի հոդվածը.

Նրա գրքերը ամբոխն այրել է Ադրբեջանի մեծությամբ երկրորդ քաղաքում: Նրա կինն ու որդին զրկվել են աշխատանքից:  Ամբոխը պահանջել է  փորձել նրա արյունը` իրական էթնիկ պատկանելությունը պարզելու համար: Նախագահը նրան զրկել է «ժողովրդական գրող» կոչումից:

75-ամյա Աքրամ Այլիսլիի խոսքով` իր «Քարե երազներ» գրքի հրապարակումից հետո իր նկատմամբ վերաբերմունքը վեր է անգամ նրա սեփական գրական երեւակայությունից: Այն պահից ի վեր, երբ գրքի ռուսերեն թարգմանությունը լույս է տեսել Մոսկվայում հրատարակվող «Дружба народов» ամսագրում,  Այլիսլիի կյանքը վերածվել է դժոխքի: Ամսագրի գրական խմբագիրը կասկածում է, որ Ալիեւն ու բողոքող ադրբեջանցիները կարդացել են գիրքը:

«Այս գիրքն առավել մարդասիրական կերպով փորձում է հետազոտել այնպիսի տգեղ երեւույթը, ինչպիսին է միջէթնիկական  ատելությունը եւ, իհարկե,  չունի այնպիսի բնութագրիչներ, որոնք նրան վերագրվել են Ալիեւի հրամանագրով: Այս ամենն ինձ հիշեցնում է  1950-ականների վերջին Բորիս Պաստեռնակի դեմ արշավը,  երբ հազարավոր մարդիկ, ովքեր անգամ չէին էլ տեսել արտերկրում հրատարակված  «Դոկտոր Ժիվագոն», ստիպված հրապարակավ քննադատության էին  ենթարկում այն»,-ասում է ռուսական ամսագրի արձակի բաժնի ղեկավար Լեոնիդ Բախնովը:

Խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտի Բաքվի վելուծական կենտրոնի տնօրեն Լեյլա Յունուսն ասում է, որ  ցասումը հրահրվել է իշխանությունների կողմից`  ուշադրությունը երկրում առկա խնդիրներից շեղելու համար: «Վերջին ամիսներին ողջ երկրում հանրահավքների ականատես ենք դարձել, որի մասնակիցները բողոքում են ժողովրդավարության բացակայությանից,  համատարած կոռուպցիայից եւ պահանջում Ալիեւի հրաժարականը: Այլիսլին ընտրվել է որպես ժողովրդի նոր թշնամի` բողոքողներին  մոլորեցնելու եւ  կուտակված ցասումն ու հիասթափության մի մասն անմեղ գրողի վրա թափելու համար»,-ասել է նա:

Իր «Քարե երազներում» Այլիսլին  իր հայրենակիցներին կոչ է անում հայերի նկատմամբ կարեկցանք դրսեւորել` հաշվի առնելով նրանց կրած դժվարությունները: