Այսօր` փետրվարի 21-ին, կկայանա Ազգային ժողովի Էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովի հերթական նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է երկու հարց` «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» կազմակերպության դիմումը՝ Մհեր Սեդրակյանի եւ «Ա1+» հեռուստաընկերության լրագրող Մհեր Արշակյանի միջեւ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ, ինչպես նաեւ «Ռազմավարական մշակումներ կենտրոն» ՀԿ-ի դիմումը ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի վարքագծի վերաբերյալ: «Ռազմավարական մշակումներ կենտրոն» ՀԿ-ի դիմումի վերաբերյալ զեկույց կներկայացնի հանձնաժողովի անդամ Վահան Հովհաննիսյանը, իսկ «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» կազմակերպության դիմումի վերաբերյալ` Թեւան Պողոսյանը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Էթիկայի հանձնաժողովի անդամ, «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանը: Նա նշեց, որ երկու հարցերն էլ քննարկվելու են, եւ հնարավոր է` դրվեն քվեարկության եւ Էթիկայի հանձնաժողովը որոշումներ կայացնի: Եթե հանձնաժողովը չհասցնի այսօր որոշումներ կայացնել, ապա մինչեւ փետրվարի 28-ը մեկ անգամ եւս նիստ հրավիրելու հնարավորություն ունի: 

Հիշեցնենք, որ «Ռազմավարական մշակումների կենտրոն» ՀԿ-ն դիմել էր Ազգային Ժողովի Էթիկայի հանձնաժողովին` առաջարկելով քննել ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանի վարքագիծը: «Ռազմավարական մշակումներ կենտրոն» ՀԿ-ն իր դիմումում անդրադառնում է աղմկահարույց տեսանյութին, «ըստ որի՝ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր ԲՀԿ խմբակցության ներկայացուցիչ Միքայել Մելքումյանը, անձամբ, այն էլ մեծ ոգեւորությամբ, պատմում էր, որ հանդիսանում է տարածքների խոշոր սեփականատեր եւ շարքային բրոքերի նման հեռախոսով բանակցում էր վարձակալության պայմանների շուրջ, առաջարկում էր տարածքներ եւ ոչ միայն չէր թաքցնում իր ով լինելը, այլ անգամ նշում էր, որ ինքը «ճանաչված այր» է ու իր հետ համագործակցելը «շահավետ» կլինի։ Թե ինչպես են նշված տարածքները դարձել այդ ընտրյալի քողարկված սեփականություն, կարծում ենք, պետք է պարզեն իրավապահ մարմինները: Հայտարարված կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում սա, իրոք, ուսումնասիրման առանձին թեմա է, առավել եւս, որ այս առումով վերջինիս սենսացիոն բացահայտումները ոչ այլ ինչ են, քան ինքնախոստովանական ցուցմունք կոռուպցիայի վերաբերյալ: Իսկ «Թրանսփարենսի ինթերնեյշնլի» դիմումը վերաբերում էր դեկտեմբերի 19-ին, Ազգային ժողովի միջանցքում տեղի ունեցած միջադեպին, երբ ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանը հրաժարվել է պատասխանել Մհեր Արշակյանի հարցին եւ վիրավորել նրան ասելով. «Դավա՜յ, դավա՜յ, յալլա՜, կտամ ծնոտդ կպոկեմ»: