Լոռիի մարզում «Սեկոն» մականունով հայտնի Սերժիկ Դարչինյանը, ով  «Ագնի» ռեստորանային համալիրում հաճախորդներին ճաշացանկի հետ մեկտեղ նաեւ մարմնավաճառուհիների ծառայություն է առաջարկել, դատապարտվել է 2 տարվա փորձաշրջանի: Լոռիի մարզի ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվել է իրենց մոտ եւ Սերժիկ Դարչինյանը դատապարտվել է ազատազրկման 3 տարի ժամկետով, սակայն կիրառվել է ՀՀ Քրեական օրենսգրքի 70 հոդվածը  եւ որոշվել է  նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել` նշանակելով փորձաշրջան 2 տարի ժամկետով: 

Գործի նյութերի համաձայն` 61-ամյա Սերժիկ Դարչինյանը 2011թ. ապրիլին վարձակալելով «Ագնի» ռեստորանային համալիրը` մինչեւ 2012թ մայիս 3000-5000 դրամ վարձավճարով հանրային հաստատության հարմարեցված սենյակները պոռնկությամբ զբաղվելու համար պարբերաբար տրամադրել է իր ծանոթ մարմնավաճառներին: Նա «Ագնի» ռեստորանային համալիրում աշխատել է որպես խոհարար: Դարչինյանը նպաստել է մարմնավաճառներ Գոհար Խ-ի, Քրիստինե Ա-ի, Նարգիզ Թ-ի պոռնկությամբ զբաղվելուն: 

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Լոռիի մարզում հունիսի 20-ին, «Սեկոն» մականունով հայտնի քաղաքացի է բերման ենթարկվել, ով Գուքարքի Թեժլեռ կոչվող տարածքում գործող ռեստորանն է աշխատեցնում: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ՀՀ ոստիկանության Գուգարքի բաժնից ընդամենը հաստատել էին տեղեկությունը, նշելով, որ փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ըստ NEWS.am-ի աղբյուների  փոխանցմամբ «Սեկոնին» ձերբակալել էին տեղեկություններ ունենալով, որ «Սեկոն» ռեստորանում մարմնավաճառների ծառայություն է առաջարկվում: Մասնավորապես հաճախորդներին ճաշացանկի հետ մեկտեղ նաեւ մարմնավաճառուհիների ծառայություն է առաջարկվել: