Րաֆֆի Հովհաննիսյանը երկրորդ տեղ զբաղեցնելուց հետո պատրանքների մեջ է ընկել եւ էմոցիոնալ հայտարարություններ է անում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասավ ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

«Կարծում եմ` ավելի օգտակար կլինի, որ պատրանքներից աշխարհից վերադառնա իրականություն, որպեսզի անլուրջ եւ անհեթեթ հայտարարություններ չանի»,- նշեց նա:

Ինչ վերաբերում է Րաֆֆի Հովհաննիսյանի վերջին հայտարարություններին, թե ինքը հաղթել է եւ դա ժողովրդի հաղթանակն է, ՀՀԿ մամուլի խոսնակը նշեց, որ փետրվարի 18-ին ժողովրդավարական ընտրությունների արդյունքում, որը բարձր են գնահատել բոլոր միջազգային դիտորդական առաքելության ներկայացուցիչները, նախագահ է ընտրվել գործող նախագահ Սերժ Սարգսյանը, եւ Րաֆֆի Հովհաննիսյանը ու նրա կողմնակիցները ուզեն, թե չուզեն պետք է հաշվի նստեն քաղաքացիների մեծամասնության` 861160 ձայնի հետ:

«Ընտրությունը պատվերով համերգ չէ, որպեսզի ընդդիմության մի մարդը երբ ուզի միտինգ անի, երբ ուզի` չանի, երբ ուզի ասի` ես նախագահ եմ, երբ ուզի ասի` նախագահը մեկ ուրիշն է»,- նշեց նա:

Ի դեպ, ՀՀԿ-ն հայտ էր ներկայացրել վաղը ժամը 15.00-21.00-ն Ազատության հրապարակում միջոցառում անցկացնելու համար, սակայն կլինի հանրահավաք, թե` ոչ, առայժմ հայտնի չէ: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեց ՀՀԿ կազմակերպչական գծով փոխնախագահ Ռուբեն Թադեւոսյանը: Նա նշեց, որ դեռ որոշում են, առայժմ քննարկվում է, թե ինչ ֆորմատով եւ ինչ են անելու: Լինելու է որեւէ միջոցառում,թե ոչ, նա նշեց, որ տեղեկացված չէ:

Նշենք, որ Ազատության հրապարակում բաց երկնքի տակ մամուլի ասուլիսում Հայաստանի նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը առաջարկել էր մինչեւ այսօր ժամը 17-ը, երբ Ազատության հրապարակում մեկնարկել է հանրահավաքը, ցանկացած ձեւաչափով հանդիպել գործող նախագահ Սերժ Սարգսյանի հետ եւ քննարկել իշխանության հանձնման հարցը, քանի որ «ժողովուրդը փետրվարի 18-ին տոնել է իր հաղթանակը 80-ը 20-ի հարաբերակցությամբ»:

Դրանից հետո Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի մամուլի քարտուղար Արմեն Արզումայնանն արձագանքել է նախօրեին Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությանը, ով Սերժ Սարգսյանին հրապարակային կամ մասնավոր հանդիպում ունենալու առաջարկ էր արել: «Հանրապետության նախագահը միշտ էլ պատրաստակամ է եղել հանդիպելու բոլոր քաղաքական ուժերի եւ նրանց առաջնորդների հետ յուրաքանչյուր անհրաժեշտության դեպքում: Այստեղ բացառություն լինել չի կարող, հատկապես երբ խոսքը ընտրություններում երկրորդ տեղը զբաղեցրած քաղաքական գործչին է վերաբերում: Այժմ էլ նախագահը պատրաստակամ է ընդունելու պարոն Հովհաննիսյանին իրեն հարմար ցանկացած ժամի, առավել եւս, որ կարիք կա պարզություն մտցնելու հանդիպման նպատակի մասին պարոն Հովհաննիսյանի հնչեցրած բավականին անհասկանալի ձեւակերպումների մեջ»,- ասել է նա: Այսօր կայացած հանրահավաքում Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել է,  թե չի հեռանալու ակցիայի վայրից եւ կսպասի, որ վաղը Սերժ Սարգսյանը ժամանի Ազատության հրապարակ եւ փոխանցի իշխանությունը ժողովրդին: