Մեզ  հաջողվեց լավ, գրագետ, կազմակերպված ընտրարշավից հետո անցկացնել բավականին լավ, արդար, թափանցիկ ընտրություններ, իսկ արդյունքները գոհացուցիչ են: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Կոտայքի մարզպետ, ՀՀԿ-ական Կովալենկո Շահգելդյանը: «Եվրոպական երկրների նման ընտրություն ենք արել»,- հայտարարեց նա:

Մարզպետը նշեց, որ Կոտայքի մարզի 165 ընտրական տեղամասերից ոչ մի դիմում-բողոք ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներ չի գնացել, ոչ մի հանձնաժողովի անդամ չի արձանագրել դեպք եւ հատուկ կարծիք չի գրել: Այդ մարզում ՀՀԿ առաջնորդ, նախագահի թեկնածուՍերժ Սարգսյանն ստացել է ձայների 62 տոկոսը, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանը` 31 տոկոսը, բայց  Կոտայքի մարզի երկու բնակավայրում` Աբովյանում եւ Նոր Հաճնում Սերժ Սարգսյանը պարտվել է Րաֆֆի Հովհաննիսյանին:

Հարցին, թե ինչով է պայմանավորված երկու բնակավայրերում իրենց թեկնածուի պարտությունը, մարզպետը պատասխանեց, որ բազմաթիվ գործոններ կան, հետեւաբար` իրենք վերլուծություն կանեն` հասկանելու, թե ինչն է խնդիրը, այդ ժամանակ միայն կասեն, իսկ առայժմ իրենց համար եւս պարզ չէ, թե ինչու այդպես ստացվեց:

Հարցին, թե հնարավո՞ր է, որ այդ քաղաքներում Սերժ Սարգսյանի պարտությունը պայմանավորված է Գագիկ Ծառուկյանի փեսա, Աբովյանի ԲՀԿ-ական քաղաքապետի գործոնով, թե նա եւս ՀՀԿ-ի համար էր աշխատում, Կովալենկո Շահգալդյանը պատասխանեց. «ՀՀԿ-ն իր համար աշխատող ուներ, ինչի՞ պետք էր Աբովյանի քաղաքապետը ՀՀԿ-ի համար աշխատեր», հավելելով, որ Աբովյանի քաղաքապետը չի աշխատում ՀՀԿ-ի թեկնածուի համար, «ինքը չէր կարող կուսակցության խորհրդի որոշումն անտեսել»: Կոտայքի մարզպետը համաձայն չէ, որ իշխանությունը պարտվեց մի քանի քաղաքներում, քանի որ «ի՞նչ է նշանակում պարտվել, իշխանությունը պատերազմի մեջ չէր, որ պարտվի»:

Անդրադառնալով Կոտայքի մարզի` ԲՀԿ-ի ազդեցության տակ լինելու մասին խոսակցություններին` Կովալենկո Շահգալդյանն ասաց. «Ոչ մի մարզ ոչ մեկի սեփականությունը չէ, իհարկե որոշ մարդիկ ունենում են համապաըտասխան ազդեցություն, բնականաբար, այս մարզում ազդեցություն ունի պարոն Ծառուկյանը, ձեռնարկություններ, կուսակցական կառույցներ ունի: Ընտրություններից առաջ ինձ հարց էին ուղղել, թե ձեր մարզում պատկերը լավ չի լինի, չի հաղթի, «Բարգավաճ Հայաստան»  կուսակցության ազդեցությունը ավելի մեծ է, քան «Հանրապետականինը», ես էլ ասի` մի շտապեք, սպասեք մինչեւ փետրվարի 19-ը եւ կզգաք, որ սխալվել եք»:

Ինչ վերաբերում է Կառավարության կազմի փոփոխությանը, ապա մարզպետը  խորհուրդ տվեց` չշտապել: «Եթե ուզում եք` ես գնամ, ասեք` վաղվանից գնամ, խնդիր չկա: Հարցին, թե ձեր գլխին «սեւ ամպեր» են կուտակված, նա հիշեց Հովհաննես Թումանյանի «Թմկաբերդի առումը» պոեմի հայտնի տողերը, թե «գլխովը շատ ամպեր կանցնեն, սարը միշտ կա անսասան»: