«Հայկական ժամանակ» օրաթերթը այսօր՝ փետրվարի 11-ին վճարել է տուգանքը, որը դատարանը ընդդիմադիր թերթից պահանջել էր՝ Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդու՝ Լեւոն Քոչարյանի հայցով:
«Հայկական ժամանակ» թերթի տնօրեն Աննա Հակոբյանը NEWS.am-ին հայտնեց, որ իրենք միանվագ վճարել են 3,3 միլիոն դրամ տուգանքը: Ըստ Հակոբյանի՝ իրենք ցանկանում էին տուգանքը մուծել երկարաժամկետ կարգով, սակայն դատարանը կալանք էր դրել «Դարեսկիզբ» ՍՊԸ-ի հաշիվների վրա, ինչն էլ թերթին կզրկեր գործարքներ անելու հնարավորությունից:
Ի դեպ, Աննա Հակոբյանը հայտնեց, որ Հայաստանի Վճռաբեկ դատարանն իրենց հայցը վարույթ չի ընդունել։ ՀԺ-ն սպառել է բոլոր ներպետական ատյանները եւ, ամենայն հավանականությամբ, դիմելու է Եվրոպական դատարան:
Հիշեցնենք, որ Քոչարյանների ընտանիքը թերթին դատի էր տվել մի հրապարակման առիթով, համաձայն որի՝ Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդին՝ Լեւոն Քոչարյանը Դուբայում հարբած «դեբոշներ» է սարքել եւ բերման ենթարկվել ոստիկանություն: Քոչարյանները պահանջել էին գանձել 12, 5 միլիոն դրամ, սակայն 2009թ. դատարանը որոշեց թերթից բռնագանձել 3 միլիոն 600 000 դրամ:



























