Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում երեկ շարունակվել է գերմանացի ներդրող Ստեֆան Լաքսհուբերի ներկայացրած «ԻստԻնվեստոր» ընկերության հայցի քննությունն ընդդեմ Գագիկ Ծառուկյանին պատկանող Երեւանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի: Այդ մասին գրում է «Ժամանակ» թերթը։

««ԻստԻնվեստորի» փաստաբան Արա Զոհրաբյանն «Ժամանակի» հետ զրույցում հայտնեց, որ նիստի ընթացքում մեկ ապացույց է հետազոտվել, եւ դատավորը գնացել է վճիռ կայացնելու: Սպասվում է, որ վճիռը պետք է հրապարակվի մարտի 6-ին: Սակայն սա դատավորի արդեն երրորդ «փորձն» է՝ խորհրդակցական սենյակ գնալու եւ վճիռ կայացնելու եւ, ըստ փաստաբանի, նիստերի այս վերսկսումներն ու հետաձգումները ողջամիտ չեն: Մինչ այս, Զոհրաբյանի խոսքերով, նախորդ դատական գործընթացից կանխակալ վերաբերմունք չէր նկատվում, բայց վճռի կայացման առումով դատավորի այս անորոշ քայլերը մտահոգության տեղիք են տալիս:

«Եթե վճիռը լինի բացասական, այսինքն՝ մեր վստահորդի իրավունքները չպաշտպանվեն, բնականաբար, կգնանք հաջորդ փուլ, մեր վստահորդը տրամադրված է մինչեւ Եվրոպական դատարան հասնել եւ պայքարել իր իրավունքների համար»,- ասաց Ա. Զոհրաբյանը՝ նշելով, որ իրենց պահանջը բաժնետոմսերի առուվաճառքի գործընթացն անվավեր ճանաչելն է, այսինքն՝ արժեթղթերը հետ վերադարձնելը: Նա նշեց, որ հակառակ կողմից փոխզիջման գնալու նախաձեռնություն չկա»,- գրում է «Ժամանակը»՝ հիշեցնելով, որ, համաձայն մամուլի հրպարակման, կոմբինատի բաժնետերերի 2008թ. հոկտեմբերի 12-ի ընդհանուր արտահերթ ժողովը որոշել էր համախմբել (կոնսոլիդացնել) Երեւանի «Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ» ԲԲԸ-ի բաժնետոմսերը՝ դրանցից ամեն 2363.5 հատը փոխարինելով մեկ նոր բաժնետոմսով, որի անվանական արժեքը 18 908000 ՀՀ դրամ է: Իսկ ընկերության մեկ ամբողջական բաժնետոմսի շուկայական արժեքը, որով հետ էր գնվել բաժնետերերից, սահմանվել էր 28 000 դրամ: Մինչդեռ «ԻնտԻնվեստորը» մեկ բաժնետոմսը ձեռք էր բերել 105 հազար ՀՀ դրամով: Սա գործարքի եւ «ԻնտԻնվեստորի» գնած գնի ընդամենը 20 %-ն է կազմում՝ չնայած որ ընկերությունն աճել է այս ժամանակահատվածում: Այս գինն իրական շուկայական արժեքի 2 %-ից էլ պակաս է: Այս քայլով «Մուլտի Գրուպը» դիտավորյալ փորձում է զրկել փոքր բաժնետերերին սեփականության իրավունքից՝ ակնհայտ խախտելով ՀՀ Սահմանադրությունը եւ օրենքները: