Նախագահի ընտրությունների ողջ ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանի 116  թեժ գծի եւ արագ արձագանքման ծառայությունը ստացել է 255 ահազանգ:

Այդ ահազանգերից 43-ի դեպքում քաղաքացիները կարիք են ունեցել իրավաբանական խորհրդատվության, ստացել են այն եւ կարողացել են լուծել իրենց հուզող խնդիրը:

52 ահազանգեր նույնիսկ առերեւույթ հիմնավոր չեն եղել, այսինքն՝ գանգատը չի պարունակել մարդու իրավունքների խախտում, կամ ահազանգում չի ներկայացվել ըտրախախտման գեթ մեկ փաստական հանգամանք:

Ընտրողների անձնագրերում դրվող կնիքի թանաքի հետ կապված խնդիրներով Պաշտպանին ահազանգել են 68 քաղաքացիներ: Այս կապակցությամբ Պաշտպանը իր դիտողություններն ու առաջարկը գրավոր եւ հրապարակային կներկայացնի Կենտրոնական ընտրական հանձնաժողովին:

38 ահազանգերը վերաբերել են ընտրացուցակներում տեղ գտած անճշտություններին: Որոնց վերաբերյալ տեղեկատվությունը ամբողջությամբ ներկայացվել է Ոստիկանություն, ընտրացուցակներում համապատասխան ուղղումներ իրականացնելու համար:

20 ահազանգերը վերաբերել են քվեարկության օրը տեղի ունեցած տեխնիկական բացթողումներին, կուտակումներին եւ քվերակության գործընթացի այլ շեղումներին:  Դրանց վերաբերյալ ահազանգողներին տրվել է հստակ ուղղորդում եւ խորհրդատվություն, թե ինչպես արձանագրել նման անկատարությունները եւ թե ինչպես դրանք ներկայացնել համապատասխան ընտրական հանձնաժողովներին:

Քվեարկության մատչելիությունից դժգոհելով Պաշտպանին ահազանգել է հաշմանդամություն ունեցող 9 անձ: Այս կապակցությամբ նախկին ձեռքբերումները ամփոփելով եւ ապագա արագ վերափոխումների ակնկալիքով՝ Պաշտպանը կգործակցի Տարածքային կառավարման նախարարության եւ առանձին համայնքների ղեկավարների հետ:

Վերջապես մնացած 25 ահազանգերը վերաբերել են ընտրակաշառքներին, կրկնակի քվեարկությանը եւ այլ հանցակազմ պարունակող արարքներին: Պաշտպանը հատկապես կարեւորում է ընտրահանցանքների լիարժեք եւ օբյեկտիվ հետաքննությունն ու բացահայտումը: Վաղը, նախապես ստանալով ահազանգողների համաձայնությունը, ընտրահանցանքների մասին Պաշտպանի ունեցած ողջ տեղեկատվությունը կներկայացվի թե´ Ոստիկանությանը, եւ թե´ հանրությանը: Պաշտպանը վստահ է՝ «Նույնիսկ այս 25 դեպքերի լիարժեք բացահայտումը կամ դրանց որոշ մասի իրապես համոզիչ հերքումը կարող է չափազանց դրական անդրադառնալ արդարության վերականգման, հասարակության վստահության հաստատման, ինչպես նաեւ հետագայում նման հանցանքների կանխարգելման համար: Հետեւաբար, անհրաժեշտ է հետեւողական աշխատանք: Անհրաժեշտ է բացահայտել եւ պատժվել բոլոր ընտրահանցագործներին»: