Նախորդ ընտրությունների համեմատ այս անգամ քիչ ահազանգեր են ստացվել. եթե 2008թ ստացվել է ավելի քան 400 ահազանգ, այս անգամ թեժ գծով ստացվել է 54 ահազանգ: Այս մասին այսօր՝ փետրվարի 21-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ խորհրդի նախագահ Արտակ Կիրակոսյանը:
Նրանց կազմակերպությունը շուրջ երեսուն մեքենաներով շրջայց է իրկանացրել տեղամասերում եւ իրենց դիտորդներից ստացվել է 60 ահազանգ:
Նա նշեց, որ ահազանգերը կապված են հանձնաժողովների անդամների, վստահված անձանց կողմից ուղղորդումների, կուտակումների, տարեցներին օգնելու դեպքերի, քվեախցիկում մեկից ավելի անձանց գտնվելու, բաց քվեարկության եւ կրկնակի քվեարկության դեպքերի, հանձնաժողովի անդամների անընդհատ ելքումուտքի, մարդկանց մեքենաներով տեղաշարժի, ընտրատեղամասերում կողմնակի անձանց ներկայության, կնքիների ցնդման խնդիրների հետ:
«Այս ընտրությունները անցել են շատ ավելի մեղմ մթնոլորտում, շատ ավելի քիչ ճնշումներ են եղել, բաց ֆիզիկական բռնության դեպքեր չեն գրանցվել, ինչը դրական է»,- ասաց Արտակ Կիրակոսյանը:
Նրա խոսքով՝ ուղղակի ֆիզիկական բռնության դեպքերի փոխարեն ավելի մեղմ ճնշման ձեւեր կային, մասնավորապես՝ փորձել են գործարքի մեջ մտնել «Ժատռանգության» ներկայացուցիչների, դիտորդների հետ, համոզել նրանց եւ այլն, դա եղել է հիմնականում գիշերվա ժամերին, երբ արդյունքները ամփոփովում էր եւ պարզ էր, որ մի շարք տեղերում Րաֆֆի Հովհաննիսյանը Սերժ Սարգսյանից ավելի շատ ձայն է հավաքել: Սակայն, հ/կ-ի խորհրդի նախագահի խոսքով, հետո կարծես վերեւից հրահանգ է եղել, որ պետք չի որեւէ բան անել, թող մի քանի տեղ էլ պարտվի, եւ ամեն ինչ ավելի հանդարտացավ: «Այս ընտրությունների ամենամեծ սպեցիֆիկան այն էր, որ շատ տեղեր են եղել, որ կածես թե միատարր հանձնաժողովներ լինեն եւ դիտորդները ու վստահված անձինք չեն կարողացել վերահսկել ընթացքը»,- ասաց նա:
Արտակ Կիրակոսյանը շեշտեց, որ ավելի շատ ունեցել ենք քաղաքական ճգնաժամի խնդիր, քան ընտրական գործընթացների:




























